Ամանորյա միջոցառում Թուլուզի հայկական համայնքում
Հունվարի 13-ը տոնական էր Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայ համայնքի համար: Օրն իր շուրջն էր համախմբել հայկական ընկերակցության անդամներին և նրանց բարեկամներին: Տոնական միջոցառումը սկսվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Փրկչական Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ Ծննդյան պատարագով, որը մատուցվեց Sainte-Claire եկեղեցում Մարսելի հայ առաքելական եկեղեցու քահանա Տրդատ Բազիկյանի կողմից: Տոնը կրկնակի էր, քանզի այն համընկավ Քրիստոսի անվանակոչության տոնի հետ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Թուլուզի հայ ընկերակցության վարչական խորհրդի անդամ Տաթև Գևորգյանը, տոնակատարությունը շարունակվեց հանդիսությունների սրահում ջերմ և հաճելի մթնոլորտում: Այս ամենը «համեմված» էր հայկական ավանդական ուտեստներով՝ պատրաստված համայնքի մասնակիցների կողմից:
Թուլուզում արդեն 13 տարի ի վեր գործող հայկական մեկօրյա դպրոցի սաները ներկայացրեցին մի փոքրիկ հատված Հին Կտակարանից: Ամանորի հրաշքին սպասող փոքրիկները տոնական երգ ու պարով դիմավորեցին Ձմեռ Պապին:
Միջոցառմանը ներկաները հնարավորություն են ունեցել վայելելու համայնքում գործող պարային խմբի գեղեցիկ, հայկական ժողովրդական պարային համարները:
Օրն ավարտվեց հայկական շուրջպարով, որին սիրով միացան նաև ֆրասիացի հյուրերը: