Եվրոպայի հնագույն հայոց գաղութում արդեն 1000 տարի ղողանջում են հայկական եկեղեցիների զանգերը

Շուրջ 1000 տարի առաջ հաստատվելով Ռումինիայում` հայերը կառուցեցին եկեղեցիներ ու դպրոցներ` խոր արմատներ ձգելով ռումին հյուրընկալ հողի վրա: 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի հրովարտակով հաստատվեց Ռումանիոյ Հայոց թեմը` իր հայրական հոգածության տակ առնելով, կրթելով ու դաստիարակելով տեղի հայությանը, կապելով իրենց արմատների և հավատքի հետ: Եվ ահա շուրջ 1000 տարի մշտապես ղողանջում են բոլոր հայկական եկեղեցիների զանգերը: Բացառություն չէր նաև այս անգամ: Առիթը Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնն էր, ինչի կապակցությամբ հերթական անգամ հնչեցին բոլոր եկեղեցիների զանգերը` ազդարարելով Փրկչի Ծնունդը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի տնօրինությամբ ու օրհնությամբ տոնական Ս. Պատարագներ մատուցվեցին ու միջոցառումներ իրականացվեցին գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում:
Բուխարեստ – Առաջնորդանսիտ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում հունվարի 5-ին Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ներկա հավատավոր բազմությանն ուղղելով իր պատգամն ու ավետելով Տիրոջ Ծննդյան բարի լուրը՝ մասնավորապես նշելով. «Քրիստոսի Ծնունդն ու մարդեղացումն իրական հրաշք է: Զորությունների Տեր Աստված, Ում գահը երկինքն է և ոտքերի պատվանդանը` երկիրը, Ում ծառայում են հրեշտակները, արևն ու լուսինը, ծնվում է Ս. Կույսից մի փոքր ու աղքատ մսուրում: Դժվար է մարդկային պատկերացումներով հասկանալ Բեթղեհեմյան մսուրում կատարված հրաշքն իր ողջ գեղեցկությամբ հանդերձ: Մեզ մնում է միայն ծնկի իջնել և երկրպագել ծնված Մանկանը, ինչպես վարվեցին հովիվներն ու մոգերը: Իրապես սա հրաշք է, սիրելիներ, հրաշք, որ այսօր հայտնվում է մեզ, բայց հաջորդ օրը մոռանում ենք, քանի որ սովոր չենք և վախենում ենք ապրել հրաշքով: Այդ հրաշքը Աստվածորդու ծնունդով սկսված այն նոր կայնքն է, որը մեզ առաջնորդում է հրաժարվելու մեղքից ու չարիքից և ապրելու Աստծո շնորհով ու ողորմածությամբ: Մանուկ Հիսուս իր ծննդյան պահից գրկեց ողջ աշխարհը, մարդկանց` աստվածային Իր սիրով փրկության առաջնորդելու և պահպանելու համար: Այսօր երկիրը երկինք դարձավ: Երկինքն այն տեղն է որտեղ ներկա է Աստված: Աստված իր ներկայությամբ երկիրը երկինք դարձրեց: Ոչ ոք Աստծուն չստիպեց մարդանալ, ոչ ոք չի կարող Աստծուն երկնքից երկիր իջեցնել, բայց միայն աստվածային անսահման սերը հանդեպ Իր պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը: Մենք միայն պետք է ընդունենք Տիրոջը, աստվածային սերն ու շնորհները: Ընդունել նշանակում է հավատալ, պայքարել, մերժել չարիքը և մեր ազնիվ ընթացքի ու զգացումների պտուղները ընծայաբերել Մանուկ Հիսուսին: Աշխարհն իր չարությամբ Աստծո համար քարայրից ու մսուրից բացի այլ բան չկարողացավ պատրաստել: Սա դեռ ամենը չէր, հալածանքները շարունակվեցին նաև ծնունդից հետո, երբ Հերովդեսը փնտրում էր մանկանը սպանելու համար: Ու չնայած մարդիկ, աշխարհը, չարն իրենց ողջ դաժանությամբ մերժեցին Մանկանը և ցանկանում էին սպանել, սակայն Մանուկ Հիսուս հաղթեց աշխարհին աստվածային Իր սիրով ու խոնարհությամբ: Ուրեմն, սիրելիներ, եկեք աղոթենք միասնաբար Նորածին Փրկչի մսուրի առջև, որ Իր ամենառատ շնորհներով նորոգվեն մարդկային հոգիները և ողորմության, խաղաղության, արդարության ու ճշմարտության ճանապարհներով ուղղորդվեն: Աղոթենք, որ Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհրդով երկնային շնորհներն ու պարգևները առատանան աշխարհում` համայն մարդկությանն առաջնորդելով դեպի խաղաղություն և փրկություն: Աղոթենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն անսասան ու անխռով պահի Ռումանիոյ Հայոց թեմը, հայ և ռումին ժողովուրդներին, ռումին պետությունը, Հայաստան և Արցախ աշխարհները և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ամեն»:
Հունվարի 6-ին Թեմակալ Առաջնորդի կողմից մատուցվեց Ս. Պատարագ՝ հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ: Պատարագի արարողությանը մասնակցում էին արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, արժ. Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը, Հայկ սրկ. Ազարյանը, Վահե դպիր Հովակիմյանը: Պատարագին ներկա էր նաև Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Հավարտ Պատարագի Ռումինիայի Հայոց միության հոգածությամբ Դուդյան կենտրոնում համայնքի փոքրիկներին այցելեց Ձմեռ պապը` իր հետ բերելով բազում նվերներ: Պատարագից հետո Սրբազան Հոր օրհնությամբ ընդունելություն էր կազմակերպվել նաև Առաջնորդարանում: Նույն օրը երեկոյան Բուխարեստի հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Ռումինիայի Հայոց Թեմի, Ռումինիայի Հայոց Միության կողմից կազմակերպված տոնական ճաշկերույթին ու միջոցառմանը:
Կոնստանցա – Կոնստանցայի հայ համայնքում Ս. Ծննդյան միջոցառումները մեկնարկեցին դեռևս հունվարի 4-ին: Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղի կողմից կազմակերպվեց Ս. Ծննդյանը նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին սոպրանո, երեցկին Արմինե Խաչատրյանը, մեցոսոպրանո Սոնյա Հազարյանը, դաշնակահար Արամ Մարիուս Նիցան:
Հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Ս. Պատարագ մատուցվեց Կոնստանցայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչն էր ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը: Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ տոնական միջոցառում և հանդես, որից հետո, միության հոգածությամբ համայնքի երեխաներին այցելեց Ձմեռ Պապը՝ իր հետ բերելով բազում նվերներ:
Հունվարի 6-ին մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ բազմությանը: Նույն օրը տեղի հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Ռումինիայի Հայոց Միության կողմից կազմակերպված տոնական ճաշկերույթին ու միջոցառմանը:
Պիտեշտ – Հունվարի 5-ին Ճրագալույցի Ս. Պատարագ մատուցվեց Պիտեշտ քաղաքի Ս. Հովհանես Մկրտիչ եկեղեցում, որից հետո կատարվեց Ջրօրհեքի կարգ:
Տիրոջ Ծննդյան տոնը նշվեց նաև Բոտոշան, Սուչավա, Գալաց, Բրըիլա, Թուլչա, Յաշ, Ֆոկշան, Ռոման և Թեմի այլ քաղաքներում: Հունվարի 7-ին բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննեցյալների հոգիների խաղաղության ու փրկության համար:
Այնուհետև Թեմի հոգևորականաց դասը սկսեց այցելել հավատավոր զավակների տները՝ տանելով Փրկչի Ծննդյան ավետիսը, օրհնելով բոլոր ընտանիքներին ու տան բարիքները՝ մաղթելով առողջ, խաղաղ ու օրհնաբեր տարի:
Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվան