Ստեփանակերտում բացվել է «Լույսերի քաղաք»
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի համատեղ նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Լույսերի քաղաք»-ի բացման հանդիսավոր արարողություն. այն կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:
«Լույսերի քաղաք»-ում տեղադրվել են 7 տնակ, ուր վաճառքի են հանվել ամանորյա նվերներ, ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և քաղցրեղեն:
Միջոցառմանը երգ ու պարով հանդես են եկել ԱՀ մշակութային կենտրոնների անդամները:
Արցախի բարբառով իր օրհնանքի խոսքն է հղել Այան:
Իսկ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը հանդես է եկել «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացմամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ նման միջոցառմամբ իրենք փորձում են մշակութային միջոցառումներն ապակենտրոնացնել, որն էլ կառույցի որդեգրած քաղաքականության հենքն է: Ապակենտրոնացումը նաև մշակութային քաղաքականության ուղենիշ է:
«Նախորդ տարվա «Կաղանդավան»-ից փորձել ենք «Լույսերի քաղաք»-ում որոշակի փոփոխություններ մտցնել, ինչն ավելի հետաքրքիր կլինի հասարակության համար: Արցախի մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպություններն (ՊՈԱԿ) իրենց ներկայացրած ծրագրերով փորձում են նոր շունչ հաղորդել քաղաքի մշակութային կյանքին»,-ասել է Լ. Հովհաննիսյանը և
հավելել, որ ամեն օր «Լույսերի քաղաք»-ում անվճար ավանդական ուտեստների հյուրասիրություն է կազմակերպվելու: