Ամանորյա հանդես՝ Բրյուսելի «Առաջընթաց» միության հայկական դպրոցում

Հերթական հանդեսն է Բրյուսելի «Առաջընթաց» միության /ASBL “Progrès” հայկական դպրոցում։ Հերթական, բայց ոչ սովորական,այլ՝ սպասված ու ցանկալի։ Անսահման սիրով ու ակնածանքով է պատրաստված երեկոն։ Անսովոր իրարանցում, եռուզեռ, հուզում։ Ելույթ ունեցող բրյուսելաբնակ հայ երեխաները ամանորյա իրենց հանդեսի գլխավոր մասը նվիրել են Երևանի 2800-ամյակին։ Նրանց խոսքերում հուզում կա ու կարոտի ելևէջներ…Կարոտ մի քաղաքի հանդեպ,որին իրենցից քչերն են տեսել, ցայտաղբյուրներից ջուր խմել, որի փողոցներում չեն խաղացել ու չեն ընկել՝ ձեռք ու ոտք արյունոտել…բայց… կարոտ կա, հուզում կա:

Եվ ի՞նչ է սա, միթե հենց սա չէ արյան կանչը։ Այբբենարանի դասարանի աշակերտները բեմակացրել են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները, իսկ ամենափոքրիկները երգել ու արտասանել՝ էլ ավելի գեղեցկացնելով այս զարմանահրաշ օրը։ Եվ քանի որ բոլորը խելոք են եղել այս տարի,հանդեսի վերջում գալիս է նաև Ձմեռ պապը՝բերելով նվերներ։

Բրյուսելի «Առաջնըթաց» միության /ASBL Progrès հայկական դպրոցի ուսուցչուհի

Հասմիկ Բաքմազյան

Scroll Up