Մեծարանքի երեկո` նվիրված Կոստան Զարյանին
Լոնդոնահայ համայնքն ապրում է հարուստ և իմաստավորված մշակութային իրողություններով` հաճախ անդրադարձ կատարելով հայ մշակույթի ու գրականության մեծերին: Նման միջոցառումներն օգնում են սերտացնել առնչություններն ազգային մշակույթի հետ, մտահոգվել լեզվապահպանման խնդիրներով:
Համայնքի ճանաչված մտավորական Մանուել Ադամյանը բացման խոսք ասաց, որից հետո պատմեց իր անձնական հիշողությունները մեծ գրողի մասին, ներկայացրեց Բեյրութում եւ Երեւանում նրա հետ ունեցած հանդիպումների մասին: Այնուհետեւ Կոստան Զարյանի կյանքը եւ գործը հանգամանորեն ներկայացրեց բանասեր-արվեստաբան Սեդա Անանյանը, ով 1966-1967 թթ. աշխատել է գրողի հետ որպես նրա քարտուղար-օգնական: Բանախոսը ըստ ժամանակագրության ծանոթացրեց հեղինակի հիմնական գործերին` («Անցորդը եւ իր ճամբան», «Տատրագոմի հարսը», «Բանկոպը եւ մամութի ոսկորները», «Սպանիա», «Միացյալ նահանգներ», «Նավը լեռան վրա», «Կղզին եւ մի մարդ» եւ այլն) նշելով, որ հիշյալ ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Բոստոնի «Հայրենիք» ամսագրում:
Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ չնայած Կոստան Զարյանի անհատականությունն ու գեղագիտական մտածողությունը ձեւավորվել են եվրոպական, հատկապես իտալական մշակույթի միջավայրում, նա աներկբա իրեն զգացել է հայ գրող, «կասեին` հայ ժողովրդի ճակատագիրը որոնող մի մարգարե», ասաց բանախոսը:
«Հայաստանում ապրած տարիներին (1962-1969 թթ.) իշխանության հանիրավի կեցվածքի պատճառով մեծ գրողը թեեւ չունեցավ իր արժանի լայն ճանաչումը, սակայն նա մեծապես հարգված էր մտավոր դասակարգից` իր ներկայութամբ շքեղացնելով Երեւան մայրաքաղաքը»,- իր խոսքը ավարտեց բանախոսը:
Հաջորդ խոսնակը բանասեր Թամար Գեղամյան-Մինասյանն էր, ով մեկնաբանեց Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943) ծավալուն վեպը` տալով իր ուրույն եւ դիպուկ վերլուծությունը այդ գործի գաղափարական բովանդակությանն ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ գրողի պայծառատեսությանը: Վերջին բանախոսը դոկտոր Գագիկ Թամանյանն էր (անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը), ով խոսեց Կոստան Զարյանի «Երեք երգեր» վիպերգի իտալերեն հրատարակության (1916 թ.) մասին: Նա նշեց, որ այս ստեղծագործության ներշնչմամբ Օտտորինո Ռեսպիգին (1879-1936) 1919-ին հորինում է «Լա պրիմավերա» կոչվող կանտատը: Երեկոյին Սլովակիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ ֆիլհարմոնիկ երգչախմբի կատարմամբ հնչեց մի հատված այդ կանտատից: Հանդեսին իր մասնակցությունը բերեց ներկայիս Գլազգոյի (Շոտլանդիա) կոնսերվատորիայի ուսանողուհի, խոստումնաշատ երգչուհի Անուշ Հովհաննիսյանը, ով բացառիկ զգացողությամբ կատարեց Նարեկացու խոսքերով «Հավուն-Հավուն» շարականը եւ Կոմիտասի «Օրորը»: Ելույթներ ունեցան նաեւ պատանի ջութակահար Գրիգոր Հարությունյանը (Պագանինի, «Կանտաբիլե») եւ 12-ամյա Շուշանիկ Հարությունյանը (Պոլ Նորիս, «Ֆանտաստիկ Ֆինալ» կլարնետի համար: Այնուհետեւ Րաֆֆի Եղիկյանը մեծ ներշնչումով արտասանեց Կոստան Զարյանի «Ձին, գարունը եւ Հայաստանը» բանաստեղծությունը:
Հանդեսն ավարտվեց Զարյանի «Կոմիտաս վարդապետին» հոգեցունց բանաստեղծության ձայնագիր ունկնդրմամբ: Կարդում էր Հայաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Աբաջյանը , ում ձայնակցում էր Հայաստանի պետական երգչախումբը` առավել արտահայտչականություն հաղորդելով դերասանի ասմունքին:
Հանդիսականները հեռացան դահլիճից` խորապես տպավորված եւ գոհ` իրենց հետ մասնիկ տանելով Կոստան Զարյանի հայրենաշունչ ոգուց:
Լեւոն Մութաֆյան