Օդեսայում մեկնարկեց «Օրհնված ուղի» բարեգործական ակցիան

Եթե դժբախտությունն ու մարդասիրությունը հայ ժողովրդի ճակատագիրն է, պետք է լավ գիտնանք, որ տոկալն ալ, ապրիլն ալ  անոր ճակատագիրն է։

                                               Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա .

   Դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց  41 րոպեին, տխուր հնչեցին  Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի զանգակատան կոչնակները՝ ի հիշատակ 1988 թվականի աղետաբեր երկրաշարժի անմեղ զոհերի։ Այնուհետև, ի ոգեկոչումն նրանց՝ ձեռամբ օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի, ինչպես Ամենայն Հայոց Բանաստեղծն է նկարագրել համանուն քերթվածքում, կատարվեց հոգեհանգիստ՝

  ՈՒ վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

  Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին      Քահանան հորդորեց հիշել և մեսրոպաբարբառ աղոթք առաքել Երկնային Հորը՝ աղետին զոհ դարձածների հոգու խաղաղության համար, որպեսզի նրանց «համահավաք  ՀՈՒՇԸ ուժ տա որբ ու տնանկ մնացածներին»։

 Հընթացս արարողության՝ ներկաներին ուղղված իր խոսքում Տեր Հայրն անդրադարձ կատարեց 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած բնական մեծ աղետին, որը հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին և այլ քաղաքներ, բազմաթիվ ավաններ ու գյուղեր, խլեց բյուրավոր կյանքեր՝ մանուկ, ալևոր։ Նրա հետևանքով որբացան ու անապաստան դարձան հարյուր հազարավոր մարդիկՆա ընդգծեց՝ ինչպես այդ դժոխային օրերին համայն աշխարհի մարդկությունը օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, և մեր երախտապարտ ազգը երբե՛ք չի մոռանա երկրագնդի բոլոր ժողովուրդների մարդասիրական վերաբերմունքը, առանձնահատուկ նշեց՝ ինչպես սփյուռքահայությունը, մեկ մարդ դարձած՝ ի դեմս արժանահիշատակ Շառլ Ազնավուրի, օժանդակեց մայր հայրենիքին թե՛ բարոյապես, թե՛ նյութապես։ Հարկավ, հայ ժողովուրդն ինքը պիտի վերաշիներ ավերված գյուղերն ու քաղաքները, հայ մայրերն իրենք պետք է որդեգրեին մեր որբերին, որ նրանք  մեծանային հայրենիքի երկնքի տակ։ Եվ մեծ սրտի տեր ժողովուրդը մեր՝ հանուն բազում զոհվածների թանկ, հանուն իր հերոսական պատմության, թանկագին ու նվիրական  հայրենիքի ՝ փյունիկ թռչունի մեծ հրաշքի պես փլատակներից վեր հառնեց

  Ցավոք, ցայժմ բազում չլուծված խնդիրներ կան աղետի գոտում, որոնցից կարևորագույնը այն է, որ մեծ թվով մարդիկ ապահովված չեն բնակարաններով և  առայսօր  ապրում են տնակներում։  Հետևաբար, արարողության ավարտին, ՝ Տեր Աբգարն ազդարարեց «ՕՐՀՆՎԱԾ ՈՒՂԻ» բարեգործական ակցիայի մեկնարկը։  Այս  առթիվ օր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու համանուն ֆոնդի վարչությունը համատեղ որոշում են կայացրել, որ  ամեն Տարեմուտի նախաշեմին հայրենիքին օգնություն կկազմակերպվի, իսկ այս տարի, արձագանքելով  Սուրբ Էջմիածնի կոչին՝ այն կտրամադրվի աղետի գոտուն։  Քահանայի կողմից ընդգծվեց, որ Մայր Աթոռի ներկայիս ծրագրերից մեկն է՝ սփյուռքի թեմերի մասնակցությամբ բնակարաններ նվիրել անօթևաններին․

 «Թեմակալ առաջնորդ Մարկոս Տեր Հովհաննիսյանի օրհնությամբ՝ եկեք սիրով միանա՛նք Մայր Աթոռի այս հրաշալի ծրագրին։ Հրավիրում եմ բոլորիդ՝ ձեր մասնակցությունը բերել և  համաձայն աստվածային պատվիրանների՝ նեցուկ լինել կարիքավորներին, քանզի հավատն առանց գործերի կենդանի չէ»։

  Եվ եղան առաջին արձագանքները

 Իսկ ես հավելեմ, որ դեկտեմբերի տասին, կիրակնօրյա Սրբազան Պատարագից հետո, մշակույթի տան դահլիճում կայացավ սիմֆոնիկ երաժշտության համերգ՝ Ուկրաինայում և հայրենիքում ճանաչված դիրիժոր, Օդեսայի կոնսերվատորիայի դիրիժորական ամբիոնի վարիչ և սիմֆոնիկ համույթի ղեկավար,  պրոֆեսոր, ակադեեմիկոս՝ մաեստրո Սերգեյ Մացոյանի նախաձեռնությամբ։ Հնչեցին հայ և համաշխարհային դասական երաժշտության հանճարեղ  ստեղծագործությունները։ Ինչպես արտահայտվեց ծնունդով գյումրեցի՝տաղանդավոր երաժիշտը, երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգը ոչ միայն հարգանքի տուրք էր զոհվածների հիշատակին, այլև ամոքիչ բալասան՝ ապրողների հոգիներին,  վասնզի երաժշտությունը հրաշագործ ուժ ունի։

  Ականատես  և մասնակից լինելով այս օրերին համայնքում կատարված միջոցառումներին՝ համոզվեցի սիրելի քնարերգուի՝ հայրենիքին ու հայ ժողովրդին հղած տողերի ճշմարտացիության ու արդիականության մեջ.

                       Թո՛ղ Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի՝
Ձյուներդ հայերեն են լալու,

                      Գարունդ հայերեն է գալու,

                      Հայերեն են գալու դարերդ։           

     Նարինե Մուրադյան, ք . Օդեսա

Scroll Up