«Եթե շարունակեմ լավ հանդես գալ, կհաղթեմ բոլորին».Կարեն Խաչանով

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը կարծում է, որ ավարտված մրցաշրջանում առաջընթաց է գրանցել:

Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուս թենիսիստը 2018 թվականին հաղթել է Մոսկվայի, Մարսելի մրցաշարերում և Փարիզի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում:
«Նախորդ մրցաշրջանի համեմատ սկսել եմ ավելի բարդ մատուցումներ կատարել, ավելի ագրեսիվ խաղալ և այժմ աշխատում այնպես անել, որ իմ թենիսը մշտապես այսպիսին լինի:
Լավացրել եմ մարտավարությունս, ինչի օգնությամբ կարողացել եմ հաղթել այնպիսի խաղերում, որոնց ժամանակ այդքան էլ լավ հանդես չեմ եկել: Ես ավելի ուժեղ եմ դարձել:
Այժմ թայ-բրեյքերի ժամանակ ինձ լավ եմ զգում, քիչ եմ լարվում: Մի՛ հավատացեք, թե ինչ-որ մեկը թայ-բրեյքերի ժամանակ կարող է ընդհանրապես չլարվել. ամեն վայրկյան կարող է վճռվել խաղի ելքը, ուստի հնարավոր չէ լիովին հանգիստ լինել: Պարզապես պետք է անելիքներդ հստակ իմանաս և ունենաս ծրագիր:
Անընդհատ համոզվում եմ, որ կարող եմ հաղթել ցանկացածին՝ Նովակին, Ռաֆային, Ռոջերին: Այժմ Էնդի Մարեյն էլ է վերադարձել: Կարծում եմ՝ եթե շարունակեմ լավ հանդես գալ, կհաղթեմ բոլոր մրցակիցներիս՝ չնայած Ջոկովիչը, Նադալը և Ֆեդերերն շատ ուժեղ են»,- Խաչանովի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:
Scroll Up