Գիտաժողով և ցուցահանդես Լոս Անջելեսում` նվիրված Արևելյան Եվրոպայի, այդ թվում Ռումինահայոց թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգությանը

2018թ. նոյեմբերի 16-18-ը Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Թաքնված գանձերի հայտնագործում. Արևելյան Եվրոպայի մշակույթն ու արվեստը» թեմայով ցուցահանդես և միջազգային գիտաժողով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, գիտաժողովը կազմակերպվել էր Կալիֆորնիայի Համալսարանի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի կողմից՝ հիմնադրման 50-ամյակի առիթով և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Արևելյան Եվրոպայի երկրների շարքում ներկայացված էր նաև Ռումինիան` ռումինահայոց հարուստ կրոնական ու պատմամշակութային ժառանգությամբ: Գիտաժողովին և ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի մի շարք երկրներից ժամանած գիտնականներ ու մտավորականներ, արվեստագետներ ու մշակութային գործիչներ` հանդես գալով դասախոսություններով ու բանախոսություններով: Ռումինիայից մասնակցում էին Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Առաջնորդարանի գրասենյակի պատասխանատու Բելլա Մուրադյանը, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, պրոֆեսոր Վիրջիլ Պոպը Կլուժ քաղաքից, ինչպես նաև Հունգարիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չեխիայից, ԱՄՆ-ից,  Կանադայից, Հայաստանից:

Գիտաժողովի աշխատանքներն սկսվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսաուղերձով, որից հետո եռօրյա աշխատանքների ընթացքում ելույթներ են ունենում տարբեր երկրներից ժամանած գիտնականները: Խոսքով հանդես է գալիս նաև Տաթև Սրբազանը` խոսելով Ռումանիոյ թեմի և ռումինահայության կրոնական ու մշակութային ժառանգության մասին:

Գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման ու կայացման գործում անուրանալի է Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդի վաստակը: Տաթև Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ 2013թ-ից սկսյալ Բուխարեստ են հրավիրվել մի շարք մասնագետներ, որոնք ուսումնասիրել են թեմում եղած նյութերը, ձեռագրերն ու արխիվը, լուսանկարել ու անհրաժեշտության դեպքում վերանորոգել վնասված իրերը, ինչն էլ հետագայում տարբեր ուսումնասիրությունների և գիտական աշխատանքների նյութ է դարձել: Նրանց թվում են արվեստաբան, մանկավարժ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Չուգասզյանը, որը պարբերաբար այցելել է Ռումինիա՝ հաշվառելու և ուսումնասիրելու տեղի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազամաթիվ անհայտ ստեղծագործությունները, կանադահայ նշանավոր լուսանկարիչ Հրայր Խատչերյանը (Բազե), ով լուսանկարել է Թեմի գանձերը և տարեվերջին նախատեսվում է Ռումինիայի Կրոնների նախարարության հովանավորությամբ լույս ընծայել ալբոմ-պատկերագիրք, որում ընդգրկված կլինեն Ռումինիայի հայ մշակութային ու հոգևոր ժառանգության գանձերն ու կոթողները, լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Լիլիթ Խաչատրյանը, ով այժմ ձևավորում է Պատմության թանգարանի հրատարակվող գրքերը, արվեստաբան Մարիամ Վարդանյանը, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Մանուկյանը, որոնք աշխատում են Երևանի Պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության Յունեսկոյի ամբիոնում և ուրիշներ:

Եվ ահավասիկ վերոնշյալ գիտնականներից մի քանիսը Ռումինիայում իրենց կատարած հետազոտությունների վերաբերյալ գիտաժողովի ժամանակ հանդես եկան դասախոսություններով: Մասնավորապես, Մարիամ Վարդանյանը (Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոն)` ներկայացնելով «Արծաթե գեղարվեստական նմուշները Ռումինիայի Հայոց թեմի հավաքածուներում» ուսումնասիրությունը, Սեյրանուշ Մանուկյանը (Արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող)` ներկայացնելով «Սրբապատկերը ռումինահայոց մեջ» թեմայով ուսումնասիրությունը, Հրայր Խատչերյանը և ուրիշներ:

Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդի ցանկությունն ու նպատակն է ո´չ միայն ուսումնասիրել թեմի ողջ հարուստ ժառանգությունը, այլ նաև մշտապես հասանելի դարձնել տարբեր երկրներից ժամանող գիտաշխատողների ու հետազոտողների համար, հրապարակել ուսումնասիրություններ ու հոդվածներ տարբեր լեզուներով, լույս սփռել այդ հսկայածավալ ու արժեքավոր հարստության վրա՝ հանելով անցյալի մութ անկյուններից և մատուցելով գիտական բարձր մակարդակով:

Վերոնշյալ գիտաժողովն ու ցուցահանդեսը ևս մեկ անգամ առիթ ու հնարավորություն ստեղծեց ծանոթանալու Արևելյան Եվրոպայի մշակույթին, հայության ունեցած ներդրումներին ու ակտիվ մասնակցությանը այդ տարածաշրջանի մշակութային ու կրոնական կյանքից ներս:

Scroll Up