Մոսկվայում սկսվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հերթական հավաքը

Նոյեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցում սկսվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) չորսօրյա համաժողովը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամլո դիվանից, ՀԵՀԵՄ ժողովին մասնակցում են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Համաեվրոպական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, Վրաստանի հայոց թեմերի երիտասարդաց միությունների 150 երիտասարդ։ Եզրաս Սրբազանի օրհնությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի տարբեր քաղաքներից ժողովին մասնակցում է 80 երիտասարդ՝ «Նուռ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տ․ Մուշե քհն․ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով։ Առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում հավաքվածներին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Աշոտ եպս․Մնացականյանը փոխանցեց Նորին Սուրբ Օծության հայրապետական օրհնությունն ու պատգամը, որում մասնավորապես ասվում էր․ «Մենք մեծապես կարևորում ենք երիտասարդության դերն ու նշանակությունը մեր հավատքը, մշակույթն ու արժեքները լուսավառ ու զորեղ պահելու, հայ ընտանիքը զորացնելու նվիրական առաքելության մեջ։ Քաջ գիտեք, որ համայն հայության, մեր պետության, հասարակության կյանքում մեծապես կարևոր է ընտանիքի բացառիկ դերը, որի առջև նոր ժամանակներում ծառացած են խնդիրներ, բազմաբնույթ մարտահրավերներ։ Այսօր անհրաժեշտ է առավել զորացնել ընտանիքների կապը Եկեղեցու հետ, հոգևոր –դաստիարակչական աշխատանք տանել ընտանիք կազմելու որոշում կայացրած հայորդյաց հետ, որպեսզի ամուսնացյալներն ամենայն լրջությամբ գիտակցեն Բարձրյալի օրհնությամբ մշտական միության, անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության փոխադարձ հանձնառությունը, որ հաստատվում է առ Աստված ուխտադրությամբ։ Աշխարհասփյուռ հայության կյանքում ավանդական ընտանիքի նվիրականությունը, քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությունը վառ պահելու ծառայության մեջ բարի արդյունքները շարունականական կլինեն մեր Եկեղեցու նվիրյալ զավակներիդ օժանդակությամբ ու հոգևորականաց սպասավորությանը լծակցությամբ, երիտասարդական կազմակերպությունների կողմից իրականացվող ազգաշահ ու հայրենանվեր ձեռնարկումների շնորհիվ։ Գովելի է, որ եկեղեցանվեր մեր սիրելի երիտասարդներդ մեր ժողովրդի հավատքը և ընտանիքները հոգևոր արժեքներով ամուր պահելու գիտակցությունն ու նախանձախնդրությունն ունեք, քանզի վստահ ենք, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո քրիստոնեական արժեքներով զարդարված բարեպաշտ հայ ընտանիքն է երաշխիքը մեր ժողովրդի գոյատևման և հարատևության»։
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս․ Հակոբյանն ողջունելով ժողովականներին՝ նշեց, որ Հայոց Եկեղեցին բոլոր ժամանակներում մշտապես կարևորել է երիտասարդների ներկայությունը համայնքային և ծխական կյանքում։ Սրբազանի խոսքով՝ երիտասարդները սփյուռքի հայ գաղթօջախների շարժիչ ուժն են, որը մշտապես կենսունակ է պահում հայոց եկեղեցիների և համայնքների բաբախող սիրտը։ «Քրիստոսի Եկեղեցին չի կարող հաշտվել այն իրողության հետ, որ ընտանիքը՝ փոքրիկ եկեղեցին, քայքայվի, մանրանա և ոչնչանա, ուստի յուրաքանչյուր մարդ պարտավոր է խոր գիտակցումով ու պատասխանատվությամբ մուտք գործել ընտանեկան ասպարեզ։ Եկեղեցին ապրող, շնչող մարմին է։ Քրիստոնեական ընտանիքը մասն է ավելի մեծ ընտանիքի՝ Եկեղեցու, որի գլուխն է Քրիստոս։ Իր ձևով ընտանիքը ճանապարհ է դեպի եկեղեցի, եկեղեցին՝ ճանապարհ դեպի Աստված։ Հիսուս Քրիստոսին հետևող ցանկացած հավատացյալ կենդանի եկեղեցի է, որովհետև միանում է Աստծո հետ, ինչպես ասում է Պողոս առաքյալը․ «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում´(Ա Կորնթ․Զ 17)»,- իր խոսքում ասաց Տաթև սրբազանը։
Ժողովականներին ողջունեց և իր օրհնությունը բերեց նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանը։ Սրբազան հոր խոսքով՝ Հայ Եկեղեցին անհնար է պատկերացնել առանց երիտասարդների, ինչպես երիտասարդների վաղվա օրն անհնար է պատկերացնել առանց Եկեղեցու։ «Սա անքակտելի միություն է»,-ասաց Սրբազան հայրը և հորդորեց Տիրոջ օգնականությամբ զորակից լինել հոգևոր առաջնորդներին, ծնողներին և ամուր փարվել Մայր Եկեղեցուն՝ ձուլվելու վտանգից խուսափելու համար։ «Բարո´վ եք եկել մոսկովյան ձեր տուն։ Այս ամենը ձերն է, որովհետև այս տունը, այս հոգևոր ամրոցը կառուցել են ձեր քույրերն ու եղբայրները։ Զգացեք ձեզ ինչպես ձեր հարազատ տանը»,-ասաց Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը։
Չորսօրյա հավաքին երիտասարդները կքննարկեն «Հայ ընտանիքը Սփյուռքում», «Ժամանակակից հայ ընտանիքի մարտահրավերները», «Պատրաստության կարևորությունը Պսակի Սուրբ Խորհրդից առաջ», թեմերի երիտասարդաց միությունների միջև համագործակցության և փորձառության փոխանակման հարցերը։