Այսօր կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/11/maraton.jpg)
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ուղիղ հեռարձակմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնը:
Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում է գտնվում հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Նախագահ Սահակյանը մինչ այդ եղել է նաև Փարիզում և անցած մի քանի օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանգանակված միջոցները, ինչպես միշտ, տրամադրվելու են թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին: Մասնավորապես՝ «Հեռուստամարաթոն–2018»-ի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:
Առաջինն արցախյան գյուղատնտեսության համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագիրն է: Մարտունու և Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքներ:
Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունն Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարին տակ համայնքը, որտեղ արդեն 50 բնակարաններում օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019 թվականին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի համայնքներում:
Ի դեպ, բրազիլահայությունը «Հեռախոսամարաթոն-2018»-ի ընթացքում հավաքել է 30 000 ԱՄՆ դոլար: Դրամահավաքը շարունակվելու է մինչև փետրվար։
Իսկ նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
«Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել էր Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետն ընդունել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:
Համահայկական հիմնադրամի «Հեռախոսամարաթոն-2018»-ի գումարներն ուղղվելու են Արցախում արևային էներգիայի ներդրմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:
Նշենք, որ ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք: Նվիրատվություն կարելի է կատարել՝ այցելելով https://donate.himnadram.org կայք՝ օնլայն փոխանցումով, ուղարկելով sms 8000 համարին (մեկ sms-ի արժեքը՝ 1000 դր․) կամ զանգահարելով 0-9000-8000 հեռախոսահամարին (մեկ զանգի արժեքը՝ 1000 դր․):