Նիդերլանդների Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակի վճիռը
Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին» հայտնում է, որ Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է նոյեմբերի 14-ին: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Երբ դեռ հայտնի չէր դատավճիռը, Աշկինն իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե մենք վախենայինք երկաթից, մենք չէինք նստի գնացք: Կանգառ չունենք մինչև այն օրը, երբ հայերը դուրս կգան գրաված հողերից…»:
Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում 2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝ 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական երկշաբաթյա բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան Պլասմանի հետ բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան: