«Էրեբունի-Երևան-2800» թեմայով բաց-դաս Տյումենում

Հոկտեմբերի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում (կից՝ Տյումենի մարզի «Հայերի միություն» ՀՀԿ, նախագահ՝ Ա. Հովեյան) տարեդարձ էր։

2800-ամյա հոբելյարը վարդագույն այտերով, հավերժ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևանն էր։ Միջոցառմանը ներկա էին հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Դանիելյանը, ծնողներ և ուսուցիչներ: Գեղեցիկ և ուսանելի միջոցառում էր կազմակերպել հայոց լեզվի ուսուցչուհի Ալվան Պողոսյանը:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, այնուհետև անցկացվեց «Մտագրոհ» թեմայի շուրջ: Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման մասին պատմող տեսահոլովակով միջոցառման մասնակիցները վերհիշեցին Երևանի առաջին քայլերը: Այնուհետև սահիկահանդեսի միջոցով հանդիսատեսին ներկայացվեց հին Երևանի անցած ուղին՝ մինչև մեր օրերը:

Մշակույթի կենտրոնի սաները պատմեցին Հայաստանի բոլոր մայրաքաղաքների մասին, առանձնահատուկ մանրամասներ ներկայացնելով, իհարկե, օրվա «հերոսի» կյանքից։

Պատմել Երևանի մասին, չհիշելով Ալեքսանդր Թամանյանին, նշանակում է կիսատ թողնել պատմությունը։ Երևանի ճարտարապետության մասին պատմող տեսանյութը միջոցառման մասնակիցներին տեղափոխեց 1924 թ., երբ Թամանյանը ներկայացրեց իր զեկույցը Երևանի հատակագծի մասին՝ շունչ տալով սիրո մայրաքաղաքին։ Անդրադարձ կատարվեց նաև աշխարհի հնագույն քաղաքներից մեկի խորհրդանիշերին, որին հաջորդեց «Էրեբունի-Երևան» երգը՝ կենտրոնի սաների գեղեցիկ կատարմամբ: Աշակերտները առանձնակի սիրով կատարեցին տրված գործնական առաջադրանքը. յուրաքանչյուր խումբ իր կատարած աշխատանքի հիման վրա ներկայացրեց որևէ տեսարժան վայր:

Միջոցառման ամենապարտավորեցնող հատվածը վիկտորինան էր, որի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին իրենց գիտելիքները սիրելի քաղաքի մասին։ Ու կրկին առողջ մրցակցություն, գիտելիքների փոխանակում և, իհարկե, խրախուսանքներ։

Կենտրոնի սաները սիրո խոստովանություն արեցին Երևանին և բանաստեղծություններ ու երգեր նվիրեցին սիրո քաղաքին. «…Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում, և հեռավոր արվարձանում արծաթե հետքն է իր թողնում….»։

Scroll Up