Գերմանիայի Հալլեի համալսարանի ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 18-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում կազմակերպվել էր ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ Համալսարանի ռեկտորի բացման խոսքից հետո, ծավալուն ելույթով հանդես եկավ երկրամասի գիտության և տնտեսության պետքարտուղար Մ. Ուդեն։ Ներկաներին իր խոսքն ուղղեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, կարևորելով Գերմանիայում համալսարանական միակ հայագիտական կենտրոնի դերն ու բացառիկ նշանակությունը։

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, որը հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում:
Գերմանիա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ կրթության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետքարտուղար Գեորգ Շյութեի, ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի Ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիթ Թոմանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները գիտության, կրթության և հետազոտության ոլորտում:

Հոկտեմբերի 18-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի Գիտության, տնտեսության և թվայնացման հարցերով նախարար պրոֆ. Արմին Վիլինգմանի, Մագդեբուրգի Օթթո ֆոն Գերիքեի անվան համալսարանի ռեկտոր, պրոֆ. Յենս Շտրաքելյանի, պետքարտուղար դր. Յուրգեն Ուդեի, ինչպես նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լուսավորության նախարար Մարկո Թուլների և երկրամասի կրթության և գիտության ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ:

Նախարարի պաշտոնակար Ա. Հարությունյանը Հալեի համալսարանում մասնակցեց ‹‹ՄԵՍՐՈՊ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Ա. Հարությունյանն իր ելույթից հետո ՄԵՍՐՈՊ կենտրոնի ղեկավար պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով։

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի կրթության, գիտահետազոտության և տեխնոլոգիաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ դր. Էրնսթ Դիթեր Ռոսմանը:

Scroll Up