Արգենտինական հեռուստաալիքով հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը

Արգենտինայի Կորդոբա քաղաքի հայկական համայնքի ղեկավար Էդուարդո Թութունջյանը, երաժիշտ Գագիկ Գասպարյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ հոկտեմբերի 9-ին հյուրընկալվել էին Կորդոբայի «Canal TV 10» հեռուստաալիքին:
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, հյուրերը հաղորդման ընթացքում ներկայացրել են համայնքի հիմնադրման պատմությունն ու անցած ճանապարհը, հայ-արգենտինական կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև հայկական մշակույթը:
Հաղորդման ընթացքում ներկաները հարգել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը, խոսել նրա կյանքի, բեմական գործունեության և Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի մասին:
Վերջում Գագիկ Գասպարյանն, ի պատիվ մեծ հայի, դուդուկով կատարել է «Դլե յաման»-ը, որը նաև հնչել էր հոկտեմբերի 5-ին՝ Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում Շառլ Ազնավուրի հրաժեշտին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ: