Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հանդիսություն Երևանում

Հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 18:00-ին, «Թեքեյան կենտրոն»-ի մեծ սրահում (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա հայ դասական, արևմտահայ և սփյուռքահայ բանաստեղծության հսկա, հայ «Բանաստեղծության Իշխան» տիտղոսին արժանացած Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին նվիրված փառաշուք հանդիսություն: Միջոցառմանը ներկա կլինի և իր խոսքը կփոխանցի ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ «Վահան Թեքեյանի Վերադարձը Նորանկախ Հայաստան» թեմայով:
Միջոցառումը կազմակերպվել է Լիբանանի «Ծաղիկ» գրական-մշակութային անկախ շաբաթաթերթի խմբագրության կողմից՝ համագործակցությամբ Երևանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, ելույթով հանդես կգան նաև «Ծաղիկ»-ի հիմնադիր, հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հակոբ Դյունյայանը և Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը:
Պոլսից այս առիթով հրավիրված Սիլվա Կոմիկյանը, ով համբավավոր ասմունքող է և արժանացել է հայ «Ասմունքի իշխանուհի» տիտղոսին, հանդես կգա ասմունքով՝ ներկայացնելով Վահան Թեքեյանի բանաստեղծությունների ընտրանին: Կընթերցվեն նաև գրական երեկոյին հղված ողջույնի խոսքեր:
Միջոցառման գեղարվեստական բաժնում ելույթ կունենա Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի «Ժողովրդական նվագարաններ» համույթը՝ ղեկավարությամբ Նունե Դանիելյանի:
Հավելենք, որ կազմակերպիչ «Ծաղիկ» գրական-մշակութային անկախ շաբաթաթերթի խմբագրությունը ապրիլի 7-ին Բեյրութում հանդիսավորապես նշել էր մեծ բանաստեղծի 140-ամյա հոբելյանը: