Հիշատակի միջոցառումներ Ռումանիոյ Հայոց թեմի ծուխերում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Հոկտեմբերի 7-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի տնօրինությամբ թեմի հայոց եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստյան կարգեր և հիշատակի միջոցառումներ` ՀՀ Ազգային հերոս, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, Բուխարեստում պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդը, ով իր խոսքում անդրադարձավ անվանի հայի` Շառլ Ազնավուրի կյանքի ուղուն, հայրենանվեր ու ազգասեր գործունեությանը` ի մասնավորի նշելով. «Աշխարհահռչակ շանսոնյեի կորուստը սգում է այսօր ամբողջ աշխարհը, համայն հայությունը, ողջ Ֆրանսիան և իր հարյուր միլիոնավոր լսարանը, քանզի Շառլ Ազնավուրը համամարդկային երևույթ է, իր ստեղծած արժեքներն ու ստեղծագործությունները համամարդկային և համընդհանուր նշանակություն ունեն բոլոր սերունդների համար: 20-րդ դարի լեգենդներից ևս մեկը անցավ հավերժության գիրկը` թափուր թողնելով այն գահը, որի վրա այլևս որևէ մեկը չի կարողանա բազմել: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, հատեց սահմաններ ու դիպավ յուրաքանչյուրիս սրտի նուրբ լարերին:

Անգնահատելի և անչափելի է այն մեծ սերն ու նվիրումը, որ մաեստրոն ուներ դեպի հայ ժողովուրդը և Մայր Հայրենիքը: Հայ ժողովրդի արժանավոր զավակը բոլոր ժամանակներում, թե´ ուրախության և թե´ վշտի, թե´ կորուստների և թ´ նվաճումների պահերին եղել է իր ժողովրդի կողքին` հպարտանալով իր ինքնությամբ և ազգային արժեքներով, միևնույն ժամանակ աշխարհին մատուցելով դրանք և ծանոթացնելով հայի տեսակի հետ: Տարատեսակ փոձությունների ու աղետների միջով անցած հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շառլ Ազնավուրի ներկայությունն ու աջակցությունը` Արցախյան պատերազմ, Սպիտակի ավերիչ երկրաշարժ, անկախություն և պետականության վերածնունդ, ամենուր և ամեն տեղ ներկա էր շանսոնյեն` անմնացորդ կերպով ծառայելով իր ժողովրդին, ջանք ու եռանդ չխնայելով նոր պետականության կերտման գործում` արժանի կերպով արժանանալով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչմանը: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ աստված տաղանդաշատ հայորդու հոգու հանգստության համար: Մեր խոնարհումն ենք բերում մեծն հայորդուն, հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Ազնավուրների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Խունկ, աղոթք և բյուր օրհնություն մեծանուն հայորդու հիշատակին,,:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև Ռումանիոյ հայոց թեմի, Ռումինիայի հայոց միության և ՀՀ դեսպանության կողմից: Խոսքով հանդես եկան Ռումինիայի Կրոնների նախարար պարոն Վիկտոր Օպասկին, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, ընթերցվեց Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի խոսքը:

Հոգեհանգիստ կատարվեց նաև Կոնստանցայում` ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա խաչատրյանի, որից հետո ծաղիկներ դրվեցին Ս. Աստվածածին եկեղեցու պարտեզում Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձանի առջև, կատարվեց մոմավառություն:

Հիշատակի միջոցառումներ և հոգեհանգիստ կատարվեցին նաև թեմի մյուս հայաշատ քաղաքներում:

Scroll Up