Ազնավուրյան շաբաթ՝ «Հերացի» ավագ դպրոցում

Ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկության հետ մեկտեղ Շառլ Ազնավուրին նվիրված մեծարանքի և հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում։ Դրանք մեկնարկեցին հոկտեմբերի 1-ին՝ Մեծն հայորդու մահվան բոթի անմիջական տպավորության տակ, և տևեցին մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Ֆրանսիայում՝ հենց Փարիզի սրտում, մեկնարկեց աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որը գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը…
«Հիացմունքի, սիրո և գնահատանքի ազնավուրյան շաբաթ». դպրոցի մանկավարժներն ու աշակերտներն այսպես անվանեցին Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի իրենց միջոցառումները։ Իսկ դրանք բազմազան էին ու բազմաբնույթ։ Հոկտեմբերի 1-ին աշակերտական խորհուրդը տեսապատկերային ցուցադրություն պատրաստեց լեգենդար հայորդու մասին, հաջորդ օրը բոլոր դասարաններում առաջին դասը նվիրվեց նրան, դասամիջոցներին հնչում էին նրա երգերը, հետո սրահ բացվեց, որտեղ դասամիջոցներին կամ դասերից հետո աշակերտները նկարում էին, գրում Ազնավուրին ուղղված իրենց սրտի խոսքը, ունկնդրում էին «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, «Նա»-ն, «Մայրիկ»-ը: Մեկ շաբաթ շարունակ դպրոցում իշխում էր աշխարհի ամենագեղեցիկ ու ներդաշնակ երաժշտության աշխարհը, ազնավուրյան աշխարհը:
«Այո, ծանր է, ցավալիորեն ծանր Մեծն հայորդու, տաղանդավոր երաժշտի և մարդասեր քաղաքացու կորուստը, բայց մենք զգում ենք, մենք վստահ ենք, որ Ազնավուր անունով աստղը չի մարելու, որ մեր դարաշրջանի կենդանի լեգենդը իր երգերով նորից հուզելու է մարդկանց սրտերը»,- գրել էին աշակերտները «Հիշատակի գրքում»։
Աշխարհահռչակ շանսոնյեն իր հայկական մեծ ու զգայուն սրտով, անկրկնելի տաղանդով ու անաչառ հայացքով մշտապես կուղեկցի մեզ ու կպատմի հանճարեղ լինելու, թեթև ապրելու ու միշտ ժպտալու իր առեղծվածը: