Մարսելի եւ Իսի Լե Մուլինոյի համերգասրահները կկրեն «Ազնավուր» անունը

Մեդիամաքս- Ֆրանսիայի Մարսել եւ Իսի Լե Մուլինո քաղաքներում Շառլ Ազնավուրի անունով համերգասրահներ են անվանակոչվել։
Իսի Լե Մուլինոն Էջմիածնի քույր քաղաքն է` Փարիզին հարակից հայաշատ մի վայր։
Հանրահայտ երգչին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար քաղաքային իշխանությունները միաձայն որոշել են Իսի Լե Մուլինոյի «Palais de Congrès» համերգասրահն Շառլ Ազնավուրի անունով վերանվանել։
Միտքը փոխքաղաքապետ Արթուր Խանջյանինն է, ով էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ բոլորովին դժվար չի եղել քաղաքապետ Անդրե Սանտինիին համոզել, քանի որ քաղաքապետը Ազնավուրի հետ լավ եւ ընկերական հարաբերություններ ուներ։
Մարսելի քաղաքապետ Ժան-Քլոդ Գոդան հայտնել է, որ քաղաքի «Սիլո» համերգասրահը այսուհետ Շառլ Ազնավուրի անունն է կրելու։ Նման առաջարկով հանդես էր եկել փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը։
«Մեր քաղաքի խորհրդանշական վայրերից մեկն այսուհետ Շառլ Ազնավուրի անունը կկրի։ Հանրահայտ երգիչը սիրում էր այցելել Մարսել եւ սա կլինի նրան` իր սիրելի քաղաքի կողմից հարգանքի տուրք։ Սա նաեւ մեր քաղաքի հյուրընկալության վկայությունն է, որն արտիստն այդքան գնահատում էր։ Մեր քաղաքը բաց է բոլորի առջեւ, այն Միջերկրական ծովի «դուռն է», որտեղ յուրաքանչյուր համայնք իր տեղն է գտնում, այդ թվում նաեւ հայկական համայնքը` հարուստ պատմությամբ, մշակույթով եւ դինամիկայով», – նշել է քաղաքապետն իր հայտարարության մեջ։
Էլլադա Ղուկասյան