Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել են

Քվեբեկի ոստիկանությունը վերադարձրել է հանրաճանաչ կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսյանի նկարներից 19-ը, որոնք գողացել էին ավելի քան 10 տարի առաջ: Այս մասին հայտնում է CBC.ca-ն:
Երբ Արմանդ Թաթոսյանի քույրը` Մերի Թաթոսյանը, նկատել է իր եղբոր նկարներից մեկը է Kijiji գովազդային-առեւտրային կայքում, եւ անակնկալի է եկել, քանի որ այդ նկարը 10 տարուց ավելի էր, ինչ գողացել էին:Նկարը վաճառքի էր դրված մոտ $2000 ԱՄՆ դոլարով, ինչը նշանակալիորեն ցածր է նկարչի կտավների միջին արժեքից:
Քվեբեկի նահանգային ոստիկանությունը վերադարձրել է նկարչի գրեթե երկու տասնյակ նկարներ, որոնք գողացել էին Մոնրեալի արվարձաններից պահեստներից մեկից: Ոստիկանության խոսնակ Օդրի-Էն Բիլոդոն հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին 51-ամյա մի տղամարդ ձերբակալվել է եւ ապա ազատ է արձակվել: Նա մեղադրվում է գողության եւ գողոնը թաքցնելու մեջ:
Նկարիչ Արմանդ Թաթոսյանը մահացել է 2012 թվականին: Նրա քույրը` Մերի Թաթոսյանը, As It Happens-ի հետ զրույցում նշել է, որ նկարների հայտնաբերումը մեծ նվեր էր իրենց ընտանիքի համար: Նա նշել է, որ եղբոր նկարներից մոտ 60-ը գողացել էին, որոնցից այժմ 19-ը գտնվում է ոստիկանությունում: Դրանք Թաթոսյանների ընտանեկան հավաքածուից էին, եւ դրանց թվում էին Արմանդ Թաթոսյանի հոր եւ պապերի նկարները, որոնք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ընտանիքն իր հետ էր բերել Կանադա, գրում է news.am-ը: