Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հայ Ավետարանական արվեստագետների գործերի ցուցահանդեսը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում «Հավատի, սիրո և ծառայության 100 տարվա ժառանգություն» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայ Ավետարանական արվեստագետների և Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակին նվիրված գործերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, ներկայացված աշխատանքները Հայաստանում էին մեկտեղվել աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Սիրիայից, Ամերիկայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրալիայից և այլն: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահից հատուկ ցուցահանդեսի համար բերվել էին ճանաչված նկարիչ Արմեն Միսիրյան (Արմիս) աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀԱԸ-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի խորհուրդը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի աշխատանքների համադրող և կազմակերպիչ Վրեժ Քասունին: Վերջինս ներկայացրեց նաև դահլիճում գտնվող այն արվեստագետներին, որոնց աշխատանքները ներկայացված էին ցուցահանդեսին:
Այնուհետև ելույթ ունեցավ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Վերջինս իր խոսքը սկսեց շնորհակալությամբ՝ ուղղված արվեստասեր հասարակությանը, որոնց ներկայությամբ իմաստավորվում է ցուցահանդեսը և Հայաստանի կառավարությանը, բոլոր այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ կայացել է ցուցահանդեսը:
«Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հավատի, սիրո և ծառայության 100-ամյա ժառանգություն ունի, որը վերջին 28 տարիներին իր ծառայության դաշտն ուղղել է նաև Մայր հայրենիք: Մենք հավակնություն ունեցանք Հայաստանում ցուցադրել Հայ Ավետարանական արվեստագետների գործերը՝ հավաքելով աշխարհի տարբեր կողմերից: Սա ամենևին չի նշանակում, որ մենք նպատակ ունենք ցուցադրելու հայ ավետարանական արվեստ: Հայ ավետարանական արվեստ գոյություն չունի: Այն, ինչ այսօր ցուցադրված է այստեղ, հայ ավետարանական արվեստագետների ներդրումն է, նվերն է մեր ժողովրդին, ինչը հարստացնում է մեր ազգի արվեստի հարուստ ժառանգությունը»,- իր խոսքում նշեց Զավեն Խանջյանը:
Հավելենք, որ այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը, ժամը՝ 11-ից 17-ը: