Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է անկախության 27-րդ տարեդարձը
«Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարիր՝ ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի: Բոլորս բոլորիս առջև պատասխանատու ենք, և չաշխատելը դավաճանություն է»:
Հրանտ Մաթևոսյան
Տոնական այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է անկախության 27րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 27 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:
Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով: 1990 թվականի օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովրդի կյանքում նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց և Հայաստանի պատմության մեջ սկսվեց երրորդ հանրապետության կառուցումը։ Արդյունքում` Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը հեղինակել է Բարսեղ Կանաչյանը: