«Իրավիճակը լիովին վերահսկվում է». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:
Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ներկայացվել են ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանն ուսումնական կետում հետեւել են ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:
«Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Կարող ենք վստահաբար ասել, որ եւ՛ Հայաստանի զինված ուժերի, եւ՛ Պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: