Գյուղմթերքի փառատոն Երեւանում
«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից եւ կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի նախաձեռնությամբ երեկ Երեւանում կայացավ հերթական գյուղմթերքի փառատոնը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից` ավելի քան քառասուն տաղավար, քառասուն գյուղատնտես կանանց խմբեր։
Յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացնում իր ձեռքով մշակած մաքուր, անարատ բերք ու բարիքը՝ գրավելով ոչ միայն երեւանցիների, այլեւ զբոսաշրջիկների՝ ամերիկացիների, չինացիների, հնդիկների ուշադրությունը։ Փառատոնն ուղեկցվում էր երգ ու պարով, անակնկալ նվերներով։
Գյուղական մթերքով, ինչպես նաեւ սիրառատ հուրասիրությամբ աչքի էին ընկնում հատկապես Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ներկայացուցիչները։ Գյուղացիները ոչ միայն վաճառեցին իրենց ապրանքները, այլեւ նոր ծանոթություն ձեռք բերեցին տարբեր մթերային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Մասնակիցները չկարողացան անտարբեր անցնել Ղարաբաղը ներկայացնող տաղավարի կողքով, որտեղ բավականին մեծ հերթ էր գոյացել եւ որտեղից բուրում էր անուշահոտ հացը։ Մարդիկ հաճույքով համտեսեցին Ղարաբաղի` հենց ղարաբաղցիների ձեռքով տեղում պատրաստվող, տաք-տաք ժինգալով հացը, իսկ վերջում միայն գովեստի խոսքեր հնչեցին։
Այս տարի լավագույն կանանց խումբ ճանաչվեց Շիրակի մարզը, մասնակիցները ստացան պատվոգրեր։ Եղան նաեւ գումարային եւ այլ մրցանակներ։
Սյուզան Ղազարյան
asparez.am