Գլենդելի քաղքապետն աշխատանքային այցով ժամանել է Ստեփանակերտ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Գլենդելի քաղքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանն ասել է, որ հանդիպմանը Ս. Գրիգորյանը ներկայացրել է մայրաքաղաքի առօրյան, բնակչության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Ըստ Ա. Հակոբյանի՝ քաղաքապետը որոշ մանրամասներ է հաղորդել պատերազմի արհավիրքների վերացման ուղղությամբ համայն հայության կողմից ցուցաբերած հսկայական աջակցության, երկրի իշխանությունների միջամտությամբ ավերված քաղաքի վերականգման ու բարեկարգման շինարարական մեծածավալ աշխատանքների վերաբերյալ:
«Մենք հյուրերին ասել ենք, որ Ստեփանակերտն օրեցօր գեղեցկանում, բարգավաճում և զարգանում է: Արցախ ժամանած հյուրերը երկրի մասին առաջին տպավորությունը ստանում են Ստեփանակերտից»,-նշել է փոխքաղաքապետը:
Ըստ մեր զրուցակցի՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Սուրեն Գրիգորյանին` ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ներկա այցով արդեն ուրագծվում են հետագա համագործակցության ուղիները:
«Զ. Սինանյանը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք շփումները և պատրաստակամություն հայտնել որևէ օգտակար գործ ձեռնարկել մայրաքաղաք Ստեփանակերտի համար: Ինքն առաջին անգամ Արցախում եղել է պատերազմի ծանր տարիներին, երբ ռմբակոծվում, հրետակոծվում էին Շուշին, Ստեփանակերտը, հայկական մյուս բնակավայրերը: Այժմ զարմացել է տեսնելով Ստեփանակերտն այսքան շեն ու ծաղկուն, իսկ բնակիչները՝ ուրախ»,-ավելացրել է Ա. Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլք: