2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 41 %-ով

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նա   տեղեկացրել  է, որ  Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս  ընդլայնվել է։
«Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների.   նրանց   գերակշիռ մասը  Ռուսաստանի  Դաշնությունից, Ամերիկայի  Միացյալ  Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի  Իսլամական  Հանրապետությունից և եվրոպական այլ երկրներից ժամանածներն  են։2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկներ  ենք   ունեցել  նաև   Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից»,-մանրամասնել   է  ոլորտի  պատասխանատուն։
Զբոսաշրջիկներին հիմնականում  հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ  բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից   մեր  զրուցակիցն   առանձացրել  է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ  բնապատմական   արգելոցը։
«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի  նաև   Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով»,-նշել  է Ա.  Գրիգորյանը:
Scroll Up