Մեկնարկեց Իրանի Համահայկական 50-րդ խաղերը

Օգոստոսի 29-ին բոցավառվեց Իրանի Համահայկական 50-րդ խաղերի ջահն ավելի քան 700 իրանահայ միությունների, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ:

50-րդ կրակը մարզադաշտ բերվեց Մարգար Աղաջանյանի ձեռամբ, որը Ալեն Բարսեղյանի արձակած նետով հանգրվանեց խաղերը խորհրդանշող ջահի օջախում:

«Հայ մարզամշակութային Արարատ կազմակերպության (ՀՄԱԿ) հիմնադիրները նման մրցություններ նախաձեռնելով՝ նպատակ են ունեցել կրթելու սիրելի Իրանի զավակների միտքն ու ոգին՝ սերմանելով ազգասիրություն, միաժամանակ անաղարտ պահելով շեղումներից»,- ելույթ ունենալով հայտարարեց ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը: Նա կարևորեց նաև իրանահայ համայնքի անգնահատելի դերը երկրի տարածքային ամբողջականության պահպանման գործում: Գևորգ Վարդանը ընդգծեց նաև պետական օժանդակությունների հատկացման անհրաժեշտության փաստը, ինչը հայկական միություններին հնարավորություն կտա շարժվելու նոր սերունդների դաստիարակման ուղղություններով:

Մարզական խմբերի և Իրան ժամանած արտասահմանյան պատվիրակությունների կատարած շքերթով և դրան հաջորդած մրցավարական ու մարզիկների երդման խոսքով ընթացք առավ միջոցառումը, որտեղ ազգային-կրոնական հարցերով Իրանի նախագահի տեղակալ Յունեսին, նույն կապակցությամբ փոխանցելով Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձը, կարևորեց ՀՄԱԿ-ի իրականացրած դերը՝ մարզական ու համամարդկային ոգի սերմանելուն զուգահեռ՝ համայնքում աշխուժություն առաջացնելու գործում:

ՀՄԱԿ-ի Մարզական միության անունից Հարմիկ Շահնազարյանը ողջունելով ներկաներին՝ ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆ‎թջյանի հղված ուղերձներից հատվածներ:

Օրհնանքի խոսքով հանդես եկավ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, ով անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր պայմաններին՝ նշեց, որ նման պայմաններում այսօրինակ մեծ միջոցառումների կազմակերպումն ինքնին փաստն է հզոր կամքի ու նպատակասլաց աշխատանքների:

Թեմակալ առաջնորդը կարևորելով Հայաստանի Հանրապետության 100, Արցախի ազատագրման 35, ինչպես նաև Իրանի Համահայկական խաղերի 50-ամյակը՝ նշեց. «Ամյակները լավագույն առիթներն են երախտագիտության խոսք ուղղելու նրանց, ովքեր հիմքը դրեցին նման երևույթների ու միջոցառումների: Նեղությունները գալիս ու անցնում են, հավիտենականն այն արժեքներն են, որոնցով մարդ արարածն իր կյանքն է հզորացնում»:

Նշենք, որ բացման հանդիսավոր արարողությանը Իրանի ՀՄԱԿ-ի և խաղերի դրոշները ծածանվեցին ՀՄԱԿ-ի, ՀԲԸՄ-ի, ՀՄՄ «Նաիրի»-ի և ՀՄ «Սիփան» միությունների սկաուտների միջոցով:

Մեկնարկային բաժնում ՀՄԱԿ-ի «Արարատ» և Հայ համալսարանականների ընդհանուր միության «Տավիղ» երգչախմբերը, Արփի Սիմրոջյանի խմբավարությամբ, կատարեցին Տերունական աղոթքը, ինչպես նաև Իրանի ազգային հիմնը: Երգչախումբը նաև ընթացքում հանդես եկավ երգերի այլ կատարումներով:

Մրցավարների անաչառ և արդար մոտեցման, ինչպես նաև մարզիկների մարզական ոգով պայքարելու երդման կարգը կատարեցին Նազելի Թահմազյանն ու Դերիկ Մանսուրյանը:

Հանդիսավոր բացմանը երգերով ու պարային կատարումներով հանդես եկան «Արարատ» երգչախումբը և ՀԲԸՄ-ի «Նռենի», ՀՄՄ «Նաիրի» միության «Նաիրի», «Կակաչ» և ՀՄԱԿ-ի «Արարատ» պարախմբերը:

Օրվա հաղորդավարներն էին` Մեղրի Բուդաղյանը և Արգամ Արիստակեսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և դեսպանատան դիվանագիտական կազմը, Իրանի Իսլ. մշակույթի և առաջնորդության նախարարության ներկայացուցիչը, Իսլ. խորհրդարանի պատգամավորներ, Իրանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասյանը, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատության ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդը, Իրանի Հայ Կաթողիկե համայնքի և Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդներ, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ և մեծ թվով հայրենակիցներ:

 

Scroll Up