«Քայլ դեպի տուն» ծրագրի վիրահայ մասնակիցները վերադարձել են անմոռանալի տպավորություններով

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականի օգոստոսի 10-24-ը իրականացրեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Աշխարհի 26 երկրների հայ համայնքներից ծրագրին մասնակցեցին 400-ից ավելի հայորդիներ: Սա աննախադեպ իրադարձություն էր, երբ Սփյուռքի նախարարությունը նույն ծրագրի շրջանակներում միաժամանակ ընդունեց այդքան երիտասարդի:
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ավանդույթի համաձայն, մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Քայլ դեպի տուն» ծրագրին: 65 երիտասարդներ (Մառնեուլի, Բոլնիսի, շրջաններից և Ռուսթավի ու Թբիլիսի քաղաքներից) ընդգրկվեցին ծրագրին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի իմացությամբ և օրինակելի վարքով:

Մասնակիցների ներգրավումը ծրագրին իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի անմիջական վերահսկողությամբ, մասնակիցների և նրանց ծնողների հետ տարած բացատրական աշխատանքով, հանդիպումներով և ժողովներով: Բաժնի տնօրենը և ծրագրերի համակարգողը մասնակիցներին ուղեկցեցին Երևան և այցն ավարտելուց հետո խմբին վերադարձրեցին  իրենց տները:

Վիրահայ 13-21տարեկան երիտասարդները երկու շաբաթ հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին: Տեղում դրսևորած մեծ պատասխանատվության և խմբի օրինակելի վարքի համար ծրագրի տնօրինության բարձր գնահատականին արժանացան վրաստանյան խմբերի պատասխանատուներ Նիկա Ղազարյանը, Ռոզիտա Համբարյանը և Ռոմա Վարդանյանը:

Սփյուռքի նախարարության կազմակերպած «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցեցին նաև Ջավախքից 15 պատանիներ ու աղջիկներ, որոնց շրջանում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը հյուրընկալված Լարիսա Ղարսլյանը, ով երեք տարի սովորել և ավարտել է Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ»  կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը (ղեկավար՝ Ժորա Սնխչյան):

Ծրագրի մասնակիցները վերադարձել են անմոռանալի տպավորություններով և բազմաթիվ նոր ծանոթություններով, իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

Վիրահայոց թեմն իր օրհնությունն ու գնահատանքն է բերում ՀՀ սփյուռքի նախարարությանը, նրա  աշխատակազմին՝  ծրագրին վիրահայ պատանիներին և երիտասարդներին ներառելու համար։ Մայր հայրենիքի կողմից սփյուռքահայ երիտասարդների նկատմամբ դրսևորված սերն ու ջերմությունը, ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մերձեցումը ազգային մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նոր ընկերներն ու հաստատված մտերմական հարաբերությունները հայրենասիրության և ազգասիրության նոր լիցք առաջացրեցին երիտասարդների հոգում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Scroll Up