Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ Գերմանիայում

Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացավ համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության նախագահ Թոմաս Լաքմանը և դեսպան Աշոտ Սմբատյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկավ գերմանաբնակ հայ անվանի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: Հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Համերգի ավարտին առաջին անգամ կատարվեց Սոնա Թալյանի «Անձրևի կաթիլներ» ստեղծագործությունը:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ կառավարության հասարակական և գիտական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: