Ստեփանակերտում անցկացվել է գարեջրի առաջին փառատոնը

Օգոստոսի 28-ի երեկոյան Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում անցկացվել է գարեջրի առաջին փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է «Կոտայք» գարեջրի գործարանի կողմից՝ ընկերության Արցախի ներկայացուցչության աջակցությամբ: Փառատոնի ընթացքում այցելուների համար կազմակերպվել է գարեջրի անվճար հյուրասիրություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կոտայք» գարեջրի գործարանի վաճառքի ղեկավար Վահե Կարապետյանն ասաց, որ փառատոնի միջոցով ընկերությունն իր արտադրանքն է ներկայացնում Արցախի հանրությանը: Ցանկություն կար Արցախում ևս կազմակերպելու գարեջրի փառատոն: Ներկայացնում ենք «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակները: Մեր հիմնական նպատակն է ընկերության արտադրանքի նոր տեսականին Արցախի հանրությանը ներկայացնել անվճար հյուրասիրության միջոցով, քանի որ «Կոտայք» ընկերությունը ամբողջովին ձևափոխել է և գարեջրի տարաների արտաքին տեսքը, և համային որակը: Բացի այդ Էրեբունի գարեջուրի լցնովի տեսակը շուկայում նորույթ է հանդիսանում»,- նշել է Վ. Կարապետյան:
Ընկերության Արցախի ներկայացուցիչ Արթուր Մինասյանն ասաց, որ այցելուները սպասվածից շատ են, ինչը միանշանակ ողջունելի է: «Նման հարթակները շատ ավելի արդյունավետ են արտադրանքի ներկայացման առումով: Նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական և հետագայում փորձելու ենք ավելի ծավալուն նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասել է Ա. Մինասյանը: