Վարագավանքի ամբողջական կենսագրականը

Վարագավանքի Ամբողջական Կենսագրականը (Գրախոսություն Պետրոս Թովմասեանի «Վարգավանքը Պատմութեան Քառուղիներուն», (Երևան, 2018) Աշխատության Առիթով

Աշոտ Ներսիսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պետրոս Թովմասեանը հայագիտական շրջանների համար անհայտ դեմք չէ: Նա հեղինակ է երեք մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք նպատակ են հետապնդում լուսաբանելու ոչ միայն հայագիտությանն առնչվող բազում հիմնախնդիրներ, այլև՝ այդ հիմնախնդիրները վեր հանելու և լուծելու տարածաշրջանի ազդեցիկ պետական կազմավորումների պատմության համադրությամբ կամ ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմության հետնախորքի վրա: Սրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ նրա «Հայկական լեռնաշխարհը և Միջագետքը (Հին ժամանակներեն մինչեւ 1թ. Ք. Ե.)», Երևան, 2006, «Արարատ – Ուրարատու Աստուածաշնչի ընդմէջէն (Ուրարատու – Ասորեստանեան պատմական երկարատև պայքարի ազդեցությունը Իսրայելի և Յուդայի թագավորությիւններու պատմութեան վրայ»), Երևան, 2012, «Արաբական խալիֆայութեան վերջին պատմաշրջանը եւ հայութիւնը (991 – 1258թթ.) (Հայկական ծագումով Արաբական խալիֆաները)», Երևան, 2016, աշխատությունները:: Այս ուսումնասիրությունների արժևորումն ու ըստ ամենայնի գնահատումն այլ խնդիր է, որը կփորձենք լուծել առաջիկայում՝ այս տարածաշրջանի հեղինակի համար խնդրո առարկա ժամնակահատվածի քաղաքական միավորների պատմաքաղաքաքական զարգացման օրինաչափությունների ճիշտ ընկալմանը նպաստելու ջանքերով պայմանավորված:

Բայց այսօր շատ կարևոր ենք համարում Պետրոս Թովմասեանի Վարագավանքի պատմությանը նվիրված աշխատանքի գնահատումը մի քանի տեսանկյուններից: Առաջին, որ նա իր ամբողջության մեջ ինքնօրինակ է, որովհետև աշխատության շարադրման հեղինակի ընտրած ձևաչափը տարբերվում է մյուսներից: Երկրորդ. հեղինակն առկա սկզբնաղբյուրների և խնդրին նվիրված ուսումնասիրությունների մանրազնին ուսումնասիրությամբ վեր է հանել այս հոգևոր տաճարի ամբողջական պատմությունը՝ հայոց ողբերգական և հերոսական պատմության մեջ նրա ունեցած դերի գնահատմամբ: Երրորդ. հայոց մշակութային և հոգևոր կյանքի զարգացման մեջ Վարգավանքի դերը լուսաբանված է բոլոր մանրամասներով:

Մենագրությունը բաղկացած է հինգ գլուխներից, որոնցում հեղինակը հետամուտ է լինում առանձին խնդիրների, որոնք կարողանում է լուծել փաստերի համադրությամբ քննական վերլուծություններ կատարելու ճանապարհով: Բնական է, որ նա աշխատանքը պետք է սկսեր Վարագա լեռան տեղի և դիրքի, հեթանոսական շրջանի հայոց պատմության մեջ այդ լեռան կարևորագույն դերի ճշտումով և մատնանշումով: Փաստերի հիմամբ և գեղեցիկ ոճով նա այնպես է նկարագրում Վարագա լեռը, որ իրոք այն ճիշտ տպավորությանն է բերում, որ այն սուրբ էր նաև հեթանոսական շրջանում: Եվ այդ սրբության վկայություն է լեռան Վահագի անունից ծագած լինելու հանգամանքը, և նաև այն, որ Վարագ էր կոչվում հեթանոսական տոմարով ամսվա 29 – րդ օրը: Իր երկրաչափություն մասնագիտությամբ ստացած բարձրագույն կրթության հիմամբ Պ. Թովմասեանը կարողացել է ճշգրտել և ամբողջական դարձնել հայոց հեթանոսական տոմարի առանձնահատկությունները, տալ տոմարի՝ որպես գիտության սահմանումը և ապա հայոց հին տոմարի առանձնահատուկ կողմերը: «Տոմարը, – գրում է նա, – ժամանակ չափելու եւ ժամանակի հետ առնչուած այլ հարցերու ուսումնասիրութեանց գիտութիւնն է: Հայ ժողովուրդը աշխարհի հին ժողովուրդներու նման ստեղծած է իր սեփական տոմարը, որոշելու համար ցանքի, բերքահաւաքի եւ այլ գիւղատնտեսական աշխատանքներու ժամանակները: Հայ ժողովուրդը իր տոմարը հիմնած է արեգակի վրայ, այսինքն՝ Հայկական Տոմարը արեգակնային է»:(էջ 13): Հայոց հին տոմարի 30 օրերից ամեն մեկն ուներ իր անունը և Վարագ կոչվում էր, ինչպես նշեցինք, 29 – րդ օրը:

Գլխում հետաքրքիր ճշգրտուներ են արված՝ կապված Հայկի և Բելի մենամարտի վայրի հետ, որը գտնվում է Վարագա Վանքի և Վանա լճի միջև գտնվող մի սարահարթում, Վարագա լեռան ուրարտական թագավորների պաշտամունքի կենտրոնների մեջ ունեցած տեղի և բազում այլ առումներով:
Եզրակացությունը մեկն՝ լեռը սրբավայր է եղել վաղնջական ժամանակներից և այդպիսին շարունակել է մնալ նաև հետագա դարերում:

Գրքի Բ գլուխը նվիրված է Վարագա վանքի հիմնադրմանը: Առասպելականի, երևակայականի, առկա սկզբնաղբյուրների համադրական քննության ճանապարհով հեղինակն իր ընթերցողին այն համոզմունքն է ներշնչում, որ այն ինչ գրում է, հազիվ թե գտնես մեկ այլ տեղ՝ նույն ճշգրտությամբ: Հեղինակը այս գլխին կցել է Ներքին Վարագավանքի եկեղեցիների հատակագիծը, առանձին ցուցակներով տվել է եկեղեցիների և դրանց հիմնադիրների անունները, հիմնադրման ժամանակաշրջանը, առանձին ենթավերնագիր է նվիրել Աշոտ Արծրունու գերությանը, ապա՝ վերադարձին և Վարգավանքը ութմանիկներից հետ վերցնելուն, մի փոքրիկ ենթագլխով էլ՝ Դերենիկ Արծրունու գործունեությանը, որն արաբների կողմից նշանակվեց Վասպուրականի տեր՝ վերականգնելով Արծրունիների իրավունքները և քառորդ դար ապրելուց հետո մահանալով՝ թաղվեց Վարագա վանքում, «որը Վասպուրականի հայության համար կարևոր սրբատեղի էր»(էջ 38):

Գրքի Գ գլուխը ներկայացնում է Վարագավանքը Արծրունիների թագավորության շրջանում: Եվ դա պատահական չէ. այս շրջանում ինչպես Բագրատունյաց, այնպես էլ՝ Արծրունյաց թագավորությունն ապրում է հոգևոր – մշակութային վերելքի ժամնակաշրջան: Այդ հոգևոր – մշակութային վերելքի մի մասն էլ կազմում էր Վարագավանքը, ինչն ապացուցվում է նաև Պետրոս Թովմասեանի սույն աշխատությամբ: Գագիկ Արծրունին իր ուշադրության կենտրոնում էր պահում Վարագա վանքը, որտեղ գտնվող Փրկչի Սուրբ խաչը նա նորովի զարդարեց, ապա կառուցեց Վարագա Ս. Աստվածածին եկեղեցին: Կարևոր ենք համարում հեղինակի անդրադարձը Բագրատունիների և Արծրունյաց թագավոր Դերենիկի մերձեցմանը, որի արդյունքում Վարագավանքի վանահայր Անանիա Մոկացին դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս: Ճշմարիտ է հեղինակը, երբ գտնում է, որ սրանով Արծրունիները ընդունեցին Բագրատունի թագավորների գերիշխանությունը:
Վարագավանքի քաղաքական դերի գնահատականը հեղինակը տալիս է՝ անդրադառնալով Ապլղարիբ իշխանի դավաճանությանը, որի հետևանքով արաբները գերում են Անձևացաց գավառի Դերենիկ իշխանին: Եվ Վարագա վանքի միաբանների անեծքն ու միջամտությունն է ստիպում Ապլղարիբին՝ զղջալ իր կատարածի համար և գերությունից փրկել Դերենիկին:
Ապա հեղիանակը դարձյալ տալիս է Վարագա Ս. Նշան վանքի և Ս. Հովհաննես եկեղեցիների կառուցման պատմությունը: Հատկապես հետաքրքիր և գիտական շրջանառության մեջ գրեթե չհանդիպած մի փաստ է մեջբերում Պ. Թովմասեանը՝ վերաբերվող Աշոտ Դ թագավորին, որը Հովհաննես Սմբատի հետ գժտության մեջ էր: Ըստ նրա՝ Աշոտի Վարագա Ս. Նշան այցելությունից հետո է տեղի ունենում եղբայրների հաշտությունը:

Այս գլուխը հեղինակն ավարտում է՝ ներկայացնելով Վարագա Ս. Խաչի պատմությունն Արծրունիների թագավորության անկման շրջանում: Սենեքերիմ թագավորն այն իր հետ տանում է Սեբաստիա և պահում այնտեղ կառուցած Ս. Նշան վանքում: Բայց նրա մահից հետո այն կրկին վերադարձվում է Վասպուրական և պահվում Ս. Նշան վանքի մեջ: Կարևոր է հեղինակի այն մատնանշումը, որ «երբ կը յիշենք Վարագավանք ըսել կ՛ ուզենք Ներքին Վարագավանքը իր եօթ եկեղեցիներով, որոնց փլատակներէն մաս մը մնացած են մինչեւ օրս, եւ ոչ թէ Վերեւի Վարագավանքը, որ երկար ժամանակէ ի վեր արդեն դադրած է գոյութիւն ունենալէ»(էջ 54):

Վարագա վանքի կենսագրության մեջ կարևրագույն փուլ է կազմում միջնադարյան շրջանը, որը շատ բարդ էր և հակասական: Այդ բարդության և հակասության մեջ Վարագա վանքի հոգևոր – մշակութային և, ինչու չէ, նաև քաղաքական կարևորագույն կենտրոն մնալու ջանքերը, որոնք երբեմն ունենում են ոչ արդյունավետ արդյունք, դարձյալ մանրամասնորեն լուսաբանում և գնահատում է հեղինակը (Դ գլուխ): Այդ մանրամասնությունները կրկնելը մեզ նպատակ չհամարելով՝ պարզապես գնահատում ենք նրա ջանքերը՝ ոչ մի կարևորագույն տեղեկություն բաց չթողնելու տեսանկյունից, վերաբերվեն դրանք վանքին առնչվող քաղաքական անցքերին, նրա օտարերկրյա նվաճումներին դիմակայություններին, տնտեսական, շինարարական և մշակութային գործունեությանը և այլն:

Վանքի մշակութային գործունեությունն առավել լայն թափ է ստանում Մ. Խրիմյանի գործունեության շրջանում, երբ այն միաժամանակ հանդիսանում էր արևմտահայ ազատագրական պայքարի մի դարբնոց, հայոց պատմության և մշակույթի բնօրրան (Ե գլուխ): Դիպուկ է հեղինակի մի վերնագրումը՝ «Վարգավանքը նոր սուրբ Ղազար»: Եթե այս գլխում երևում է վանքի կամարների տակ հայ ազատամարտի գաղափարախոսության կերտման իրողությունը, որի ամենափայլուն վկայությունը «Արծիվ Վասպուրականի» հրատարակությունն էր, ապա վերջին գլխում արդեն մեր աչքի առջևով անցնում է վանքի պատմությունը հայ ազատամարտի և հայոց ջարդերի օրերին: Հեղինակի հայրենասիրական վառ շունչն զգում ես, երբ նկարագրում է Վանի 1915թ. հերոսամարտը, որի ընթացքում թուրքերը հրկիզեցին Վարագավանքը: Այդ թվականից էլ կորավ Վարագա Ս. խաչը, որը մեկ դարից հետո « կը մնայ իր անյայտ տեղը, եւ հավանական է, որ օր մը ան կրկին անգամ իր զօրութեամբ կը յայտնէ իր գտնուելու վայրը…»(էջ 159): Եվ վեջապես գրքին լայն շունչ են հաղորդում Վարգավանքին առնչվող ցուցակները, պատկերները և մանավանդ գծացուցակները, որոնք մանրակրկիտ աշխատանքի արդյունք են և սեղմորեն արտացոլում են այն բոլոր տարաբնույթ տեղեկություններն ու պատմության դրվագները, որոնց հանդիպում ես գրագետ և բարեխճորեն շարադրված գրքի էջերում:

 

Scroll Up