Երեւանում տեղի ունեցավ «Հայկական ասեղնագործությունը» վերնագրով գրքի շնորհանդեսը
«Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց Մարաշի հայրենակցական միության Հալեպի մասնաճյուղի ատենապետ Գրիգոր Տարագճեանի հետ միության իրականացվելիք ծրագրերի եւ Սփյուռք-Հայաստան կապի մասին:
-Մարաշի հայրենակցական միությունը ունի 13 մասնաճյուղ տարբեր երկրներում: Բայց Ամերիկայի մասնաճյուղերը լճացել են: Հիմնական աշխուժությունը Բեյրութում եւ Հալեպում է, որոնք գործում են 1920 թվականից, երբ եղան ջարդերը եւ սկսվեց մարաշցիների գաղթը: Միության անդամներ կարող են լինել այն մարդիկ, ում ծնողները սերում են Մարաշից:
-Ո՞րն է միության գլխավոր նպատակը:
-Մեր հիմնական նպատակն է ապահովել հայ երեխաների ուսումը հայկական դպրոցներում: Միությունը հոգում է նրանց ուսման ծախսերը: Մեր հովանու ներքո այսօր 60 սաներ ունենք, ովքեր սովորում են Հալեպի հայկական դպրոցներում: Գումարների մեծամասնությունն էլ նվիարատվություններ են մեր հայրենակիցներից: Տնտեսապես ավելի ապահով լինելու համար միության շենքում ստեղծեցինք մի ճաշարան, որից ստացած շահույթը օգտագործում ենք մշակութային ծրագրերի համար:
-Ո՞րն է հանդիսանում միության ամենախոշոր մշակութային ծրագիրը:
-1940-ական թվականներից սկսած ունեցել ենք «Նոր Մարաշ» պարբերաթերթ, որը ինչ-ինչ պատճառներով այլեւս լույս չէր տեսնում: Մի քանի տարի առաջ սկաուտների 120 հոգանոց խումբ ունեինք միությունում, որը սկսեց «Հետախույզ» անունով թերթիկ հրատարակել: «Հետախույզ»-ը զարգանալով նորից վերածվեց 50 Էջանոց «Նոր Մարաշ» պարբերաթերթի, որը պատմում է մեր գործունեության մասին եւ լույս է տեսնում 4 ամիսը մեկ անգամ:
-Այս այցի նպատակը Հայաստան ինչո՞ւմ է կայանում:
-Մենք որոշեցինք ուխտագնացության ծրագիր սկսել: Սկզբում եղանք Մարաշում, հետո` Հալեպում, Բեյրութում, Դամասկոսում….վերջին հանգրվանը Երեւանն էր, ուր էլ կայացավ միության կողմից պատրաստված 406 էջանոց «Հայկական ասեղնագործությունը» վերնագրով գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ գրքում տեղ գտած ասեղնագործության նմուշների ցուցահանդեսը, որոնք հավաքել ենք հայկական տարբեր օջախներից:
-Սփյուռքի նախարարության հետ համագործակցության ի՞նչ եզրեր կան:
-Ցավով պետք է նշեմ, որ մինչ այս այցը, մենք միշտ հետեւել ենք նախարարության գործունեությանը միայն հեռուստացույցի միջոցով, եւ որպես այդպիսին համագործակցության եզրեր չեն եղել: Սակայն, վստահ եմ, այս այցը հիմք կհանդիսանա ապագա` ավելի լայն ու ակտիվ համագործակցության:
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի Սփյուռք-Հայաստան կապը ավելի ամրանա:
-Կոնկրետ չեմ կարող ասել, սակայն մի բան գիտեմ, որ ժամանակն ինքը դրան պատասխան կտա, քանի որ այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը շատ են: Սփյուռքը Հայաստանի նման չէ: Այտեղ տարբեր կազմակերպություններ կան, որոնց հարաբերությունները միմյանց հետ այդքան էլ հարթ չեն: Կարծում եմ` մարդիկ պետք է գան, ուսումնասիրեն Սփյուռքի բազմազանությունը ու հասկանան, թե ինչպես պետք է ամրապնդել այդ կապը:
-Մշակութապահպանման ի՞նչ խնդիրներ եք ունենում Հալեպում:
-Ոչ մի խնդիր չունենք: Պետությունը մեզ ոչ մի խնդրի առաջ չի կանգնեցնում, ընդհակառակը` քաջալերում է մեզ մեր մշակութային ձեռնարկներում, հրատարակումներում: