Երեւանում տեղի ունեցաւ «Հայկական ասեղնագործութիւնը» վերնագրով գրքի շնորհանդէսը
«Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց Մարաշի հայրենակցական միութեան Հալէպի մասնաճիւղի ատենապետ Գրիգոր Տարագճէանի հետ միութեան իրականացուելիք ծրագրերի եւ Սփիւռք-հայաստան կապի մասին:
-Մարաշի հայրենակցական միութիւնը ունի 13 մասնաճիւղ տարբեր երկրներում: Բայց Ամերիկայի մասնաճիւղերը լճացել են: Հիմնական աշխուժութիւնը Բէյրութում եւ Հալէպում է, որոնք գործում են 1920 թուականից, երբ եղան ջարդերը եւ սկսուեց մարաշցիների գաղթը: Միութեան անդամներ կարող են լինել այն մարդիկ, ում ծնողները սերում են Մարաշից:
-Որ՞ն է միութեան գլխաւոր նպատակը:
-Մեր հիմնական նպատակն է ապահովել հայ երեխաների ուսումը հայկական դպրոցներում: Միութիւնը հոգում է նրանց ուսման ծախսերը: Մեր հովանու ներքոյ այսօր 60 սաներ ունենք, ովքեր սովորում են Հալէպի հայկական դպրոցներում: Գումարների մեծամասնութիւնն էլ նուիարատուութիւններ են մեր հայրենակիցներից: Տնտեսապէս աւելի ապահով լինելու համար միութեան շէնքում ստեղծեցինք մի ճաշարան, որից ստացած շահոյթը օգտագործում ենք մշակութային ծրագրերի համար:
-Որ՞ն է հանդիսանում միութեան ամենախոշոր մշակութային ծրագիրը:
-1940-ական թուականներից սկսած ունեցել ենք «Նոր Մարաշ» պարբերաթերթ, որը ինչ-ինչ պատճառներով այլեւս լոյս չէր տեսնում: Մի քանի տարի առաջ սկաուտների 120 հոգանոց խումբ ունէինք միութիւնում, որը սկսեց «Հետախոյզ» անունով թերթիկ հրատարակել: «Հետախոյզ»-ը զարգանալով նորից վերածուեց 50 Էջանոց «Նոր Մարաշ» պարբերաթերթի, որը պատմում է մեր գործունէութեան մասին եւ լոյս է տեսնում 4 ամիսը մէկ անգամ:
-Այս այցի նպատակը Հայաստան ինչու՞մ է կայանում:
-Մենք որոշեցինք ուխտագնացութեան ծրագիր սկսել: Սկզբում եղանք Մարաշում, յետոյ` Հալէպում, Բէյրութում, Դամասկոսում….վերջին հանգրուանը Երեւանն էր, ուր էլ կայացաւ միութեան կողմից պատրաստուած 406 էջանոց «Հայկական ասեղնագործութիւնը» վերնագրով գրքի շնորհանդէսը, ինչպէս նաեւ գրքում տեղ գտած ասեղնագործութեան նմուշների ցուցահանդէսը, որոնք հաւաքել ենք հայկական տարբեր օջախներից:
-Սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեան ի՞նչ եզրեր կան:
-Ցաւով պէտք է նշեմ, որ մինչ այս այցը, մենք միշտ հետեւել ենք նախարարութեան գործունէութեանը միայն հեռուստացոյցի միջոցով, եւ որպէս այդպիսին համագործակցութեան եզրեր չեն եղել: Սակայն, վստահ եմ, այս այցը հիմք կը հանդիսանայ ապագայ` աւելի լայն ու ակտիւ համագործակցութեան:
-Ին՞չ պէտք է անել, որպէսզի Սփիւռք-հայաստան կապը աւելի ամրանայ:
-Կոնկրէտ չեմ կարող ասել, սակայն մի բան գիտեմ, որ ժամանակն ինքը դրան պատասխան կը տայ, քանի որ այդ ուղղութեամբ իրականցուելիք ծրագրերը շատ են: Սփիւռքը Հայաստանի նման չէ: Այտեղ տարբեր կազմակերպութիւններ կան, որոնց յարաբերութիւնները միմեանց հետ այդքան էլ հարթ չեն: Կարծում եմ` մարդիկ պէտք է գան, ուսումնասիրեն Սփիւռքի բազմազանութիւնը ու հասկանան, թէ ինչպէս պէտք է ամրապնդել այդ կապը:
-Մշակութապահպանման ի՞նչ խնդիրներ էք ունենում Հալէպում:
-Ոչ մի խնդիր չունենք: Պետութիւնը մեզ ոչ մի խնդրի առաջ չի կանգնեցնում, ընդհակառակը` քաջալերում է մեզ մեր մշակութային ձեռնարկներում, հրատարակումներում: