Սփյուռքի նախարարության 100 օրվա կատարված աշխատանքների ամփոփում

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարության 100 օրվա կատարված աշխատանքները.
– Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև նախագահական նստավայրում: Հանդիպում է եղել Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Այցի շրջանակում ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ այցելել են նաև Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն:
Նախարարությունն իրականացրեց «Արի տուն-2018» անցումային ծրագիրը: Նախարարի որոշմամբ առաջին անգամ Սփյուռքի նախարարությունը սկսեց համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ ծրագրում ներգրավելով տարբեր կազմակեպությունների: Դրանք էին՝ Menu.am–ը, «Wok & Roll»-ը, «Paraqari Shawarma and Thüringer Bratwurst Armenia»-ն, «TAO» չինական և ճապոնական ռեստորանը, «Black Angus»-ը, «ՍԻՍ Նատուրալ» բնական հյութերի գործարանը:
«Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 15-ին, նախարարը հանձնեց հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրը դարձավ ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով:
Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարը ուղիղ կապ հաստատեց ԱՄՆ-ում կայացած ՀՄԸՄ-ի երիտասարդական ֆորումին, հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վերջիններիս հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում էր «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար անվանումը»:
Հուլիսի 24-ին նախարարը հրապարակեց Սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն: Որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել նախարարությանը:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 24-27 պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն: Հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կիպրոս-Հայաստան բարեկամական հարաբերություններն էլ աավելի ամրապնդելուն ուղղված քայլեր:
Նախարարը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Նախարարը մասնակցեց Հայաստան–Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կողմերը համաձայնության եկան համատեղ անցկացնել մի քանի ծրագիր, որոնցում ներգրավված են հիմնականում երիտասարդները:
Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնելու քառակողմ հանդիպում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով:
Եգիպտոսի կառավարության հրավերով նախարարը պաշտոնական այցով սեպտեմբերին կմեկնի Կահիրե և Ալեքսանդրիա, որտեղ հանդիպումներ կունենա ինչպես եգիպտոսցի պաշտոնատար անձանց, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախարարը հանդիպեց ԿՀ-ում հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, վերջինիս հետ քննարկեց կիպրահայերին հուզող հարցեր, ապա հանդիպեց տեղի հայ համայնքի հետ:Նախարարն այցելեց նաև Մելքոնյան կրթական ինստիտուտ, ծանոթացավ խնդրին՝ լսելով և ՀԲԸՄ դիրքորոշումը և ինստիտուտը ավարտած սաներին:
Հուլիսի 28-ից օգոստոս 7-ը նախարարը աշխատանքային այցով եղավ ԱՄՆ-ում: Հանդիպեց Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների, կուսակցությունների, միությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ նախարարը պատասխանեց տեղի հայերին հուզով հարցերին, լսեց նրանց մտահոգությունները:
Նախարարությունն իրականացրեց «Քայլ դեպի տուն-2018» ուսումնաճանաչողական ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ, միաժամանակ ընդունեց 440 սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների: Այս անգամ ևս նախարարը որոշեց համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ ծրագրում ներգրավելով Հայ-ռուսական համալսարանին, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «GG» տաքսի ծառայությանը, «All Inclusive Armenia» և «Loft» կազմակերպություններին: Ծրագրի շրջանակում նախարարը մի քանի անգամ հանդիպեց մասնակիցների հետ:
Ներկայումս նախարարի գլխավորությամբ աշխատակազմը աշխատում է «ներՈւժ» ծրագրի վրա, որը Սփյուռքի նախարարությունը իրականացնում է FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ: