Սան Պաուլոյում կայացավ Սևակ Ամրոյանի և Սոնա Ռուբենյանի համերգը

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և ՀՅԴ Բրազիլիայի կենտրոնական հանձնախմբի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին կայացել է Հայաստանի Հանրապետության 100 և Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի առիթով կազմակերպված համերգը՝ մասնակցությամբ Սևակ Ամրոյանի և Սոնա Ռուբենյանի:
Համերգային ծրագրի սկզբում օրվա բանախոսը խոսել է 90 տարի առաջ հիմնադրված Համազգայինի նպատակների մասին, այն է՝ պահպանել, զարգացնել և տարածել հայկական մշակույթը և հայեցի դաստիարակությունը Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հաստատված և աստիճանաբար իրենց արմատներից հեռացող սերունդների մեջ՝ իբրև Հայաստանի և համայն հայության գոյատևման հիմք: Այնուհետև անդրադարձել է ավելի կարևոր տարեդարձին՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր հպարտ հայի մեջ կա մի հսկա Անդրանիկ, Կոմիտաս Վարդապետ և Նարեկացի՝ իր աղոթքներով: Բանախոսը հիշատակել է նաև Հայաստանում կատարված Թավշյա հեղափոխությունը, ընդգծել, թե վերջինս հպարտության ինչ զգացումներ է արթնացրել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հոգիներում:
Որպես եզրափակիչ խոսք՝ օրվա բանախոսը խոսքն ուղղելով Սփյուռքում ապրող հայերին՝ ընդգծել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է իր մասնակցությունն ունենա հայապահպանությանը, ազգային գործունեությանը, վերադառնա տուն՝ հայրենիք, պետք է առավել ակտիվ ներգրավված լինի համայնքային կյանքին, հաճախի հայկական եկեղեցիներ և դպրոցներ և թույլ տա, որպեսզի հայկական խոսքն ու երգը հնչի իր տանը:
Այնուհետև ողջ երեկոյի ընթացքում Սևակ Ամրոյանը և Սոնա Ռուբենյանը ազգային, հայրենասիրական երգերի կատարմամբ ոգևորել են դահլիճում հավաքված հանդիսատեսին:
«Երեկոն հրաշալի անցավ, Սևակի և Սոնայի երգերը բոլորին խանդավառեցին, իսկ Համազգայինի «Կիլիկիա» պարախումբը ոտքի հանեց բոլորին՝ միանալու ընդհանուր տոնին: Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել Սփյուռքի նախարարությանը, որ հնարավոր դարձրեց այս հրաշալի համերգը: Նախարարություն, որը կարծես ամեն օր շշնջում է մեր ականջներին՝ մենք ձեզ չե´նք մոռացել, դուք էլ չմոռանանք, որ հզոր ազգի զավակներ եք»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ՎարդինեԳալաջյանը:
Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին-2018» ծրագրի շրջանակներում օգոստոսի 4-ից 12-ը Սևակ Ամրոյանը և Սոնա Ռուբենյանը համերգներ ունեցան Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), Բունեոս Այրեսում, Կորդոբայում (Արգենտինա) և Սան Պաուլոյում (Բրազիլիա):