Նորա Արիսյանի «Արաբերենի և հայերենի առնչությունները» խորագրով դասախոսությունը Դամասկոսում
Սիրիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 9-ին Դամասկոսի «Աբու Ռըմաննե»-ի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ դոկտոր Նորա Արիսյանի «Արաբերենի և հայերենի առնչությունները» վերնագրով դասախոսությունը: Ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Ռուբեն Սողոյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, դամասկոսահայեր, արաբ մտավորականներ և մամուլի ներկայացուցիչներ: Մշակութային կենտրոնի տնօրենուհի Րաբաբ Ահմատդը Նորա Արիսյանին ներկայացնելով` ընդգծեց նրա գիտական կարողությունները, ինչպես նաև ներդրումը հայ-սիրիական հարաբերություններում:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Նորա Արիսյանն իր խոսքի սկզբում հակիրճ ակնարկ նետեց հայերենի կազմությանը, զարգացմանն ու ընթացքին: Նա հատուկ կերպով անդրադարձավ հայ-արաբական դարավոր հարաբերությունների բնույթին և հոլովույթին, որը զարգացրեց առևտրական և քաղաքական կապերը, ինչպես նաև զանազան գիտությունների բնագավառի մերձեցմանը: Նորա Արիսյանը հայ լեզվաբանների տեսությունների վրա հիմնվելով` ներկայացրեց լեզվական փոխառությունները, ինչպես նաև արաբերեն և հայերեն լեզուների փոխառնված բառերի էությունը: Բանախոսը հաստատեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարավոր հիմք ունեն, իսկ լեզվական առնչությունները լավագույն միջոցն էր երկու ժողովուրդների և քաղաքակրթությունների մերձեցմանը:
Վերջում Նորա Արիսյանը պատասխանեց ներկաների հարցերին: