«Արցախյան համերգը տպավորվեց նաև զինվորների հետ հանդիպմամբ». Հասմիկ Պապյան

Հուլիսի 20-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հրավերով Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի մենահամերգը: Ծրագրում հնչել են հանրահայտ օպերային արեաներ և հայ մեծանուն երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Մենահամերգին ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գեղանկարիչ Սամվել Սևադան և ուրիշներ:

«Առաջին մենահամերգս Արցախում կայացել է 2010 թվականին՝ Արցախի Կամերային նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանի հրավերով: Արցախ կատարած այցելությունից հետո կարող եմ ասել, թե արցախցիների համար այսպիսի հանդիպումները որքան կարևոր են, նրանք կարծես՝ կարոտ են համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցները լսելուն»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Պապյանը՝ հավելելով, որ դահլիճում նկատել է մեծ թվով երիտասարդների, ինչն էլ փաստում էր, որ նրանց համար օպերային արվեստը հանապազօրյա հացի նման կարևոր է:

Հասմիկ Պապյանը Արցախ կատարած այցելության շրջանակներում եղել է նաև Տող գյուղի արվեստի դպրոցում, որտեղ հանդիպել է  սաների հետ և հիացել նրանց աշխատանքներով:

Օպերային ճանաչված երգչուհին զորամասերից մեկում զինվորների հետ հանդիպումից շատ է տպավորվել, հասկացել է, որ նրանք մարտական բարձր ոգի ունեն և որ պատրաստ են խիզախաբար մարտնչել հայոց սահմանների անսասանության համար:

«Մեր տղաների ժպիտներից ու անկեղծ ուրախությունից շատ եմ հուզվել, երեք զինվոր նաև ինձ համար երգեցին: Շատ հաճելի էր շփվել մեր զինվորների հետ, միասին զրուցել տարբեր թեմաների շուրջ, մեր կարճ հանդիպման ընթացքում փորձեցի նրանց մայրական գուրգուրանք փոխանցել և ասել, թե որքան կարևոր են մեզ համար»,-ասաց Հասմիկ Պապյանը՝ ընդգծելով, որ այցի ընթացքում հասկացել է՝ զինվորի կողքին կանգնելու և արվեստով զբաղվել ցանկացող երեխաներին սատարելու անհրաժեշտությունը:

Գևորգ Չիչյան

Scroll Up