Մարսելից իր վազքը սկսած լեռնագնաց Արա Խաչադուրյանն արդեն Հայաստանում է

Աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճած մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը, ով ապրիլից Մարսելից ծրագրել էր վազքով հասնել Հայաստան, հուլիսի 18-ին ժամանել է Գյումրի: Վազորդին դիմավորել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մարզպետն ու քաղաքապետը ողջունել են հյուրին, զրուցել նրա հետ անցած ճանապարհի դժվարությունների մասին և հետագա հաջողություններ և նորանոր բարձրունքներ են մաղթել նրան:

Օրական վազելով 50 կմ՝ Արա Խաչադուրյանը հուլիսի 21-ին իր խաղաղության մարաթոնը եզրափակելու է Երևանում՝ Հանրապետության հրապարակում:

«Ցանկացա վազել հանուն խաղաղությա և կոչ ուղղել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Նպատակս է նաև երիտասարդներին ասել՝ եթե նպատակ, երազանք ունեք, ձգտելով կարող եք հասնել դրան»,- լրագրողների հետ զրույցում նշել է Արան:

Նշենք,որ 53 ամյա Արա Խաչադուրյանը վազքը սկսել է մոտ երեք ամիս առաջ, օրական վազքով կտրել է 50 կմ` անցնելով 8 երկիր և 150 քաղաք:

Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա – 4,807մ (2007թ), Արարատ, Թուրքիա- 5,137մ (2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա- 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր-5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա- 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու- 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան- 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ – 8,848մ (2016թ.):

Scroll Up