Ուկրաինայում բացվել է հայագիտական նոր կենտրոն
Օդեսայում հիմնադրվել է «Օդեսայի հայագիտական կենտրոն» հասարակական նոր կազմակերպությունը, որը ղեկավարելու է ուկրաինացի ճանաչված հայագետ և հասարակական գործիչ Արմեն Պետոյանը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով kievao.com.ua կայք-էջին, հայտնում է, որ այս լուրը նորություն չէր ուկրաինացի հայագետների համար: Օդեսայում հայագիտության առանձին կենտրոն հիմնելու հարցը վաղուց էր հասունացել: Տաս տարուց ավելի Արմեն Պետոյանը զբաղվում է Օդեսայի շրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ և հետազոտությամբ: Նա համարվում է ուկրաինական առաջին մեծամասշտաբ «Խաչքարեր. հայկական մշակույթի սրբազան հուշարձաններ» խորագրով ցուցահանդեսի նախաձեռնողն ու կազմակերպիչը, որը մեծ հաջողությամբ բացվել է Օդեսայում 2011 թվականին՝ քաղաքային իշխանությունների, հայկական համայնքի աջակցությամբ և մասնակցությամբ Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի հյուպատոսական ներկայացուցչությունների և Կիևի, Ղրիմի հայկական համայնքի ներկայացուցիչների: Արմեն Պետոյանն է հայտնաբերել Կիլիյա քաղաքի 15-րդ դարի Սուրբ Նիկոլայ հայկական եկեղեցու կորած տապանաքարերը, որոնք ժամանակին՝ 1849 թվականին նկարագրել է Մուրզակևիչը, և Ղրիմի ճանաչված պատմաբան-հայագետ Տաթևիկ Սարգսյանի հետ բացահայտել դրանց ծագումը:
Լինելով Օդեսայի մարզի մշակութային հանձնաժողովի անդամ՝ Արմեն Պետոյանը իրականացնում է հասարակական մեծ աշխատանք: 2016 թվականին նրա նախաձեռնությամբ այն շենքում մեծ, որտեղ ապրել և ստեղծագործել է հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, տեղադրվել է հուշատախտակ: Իսկ Գրականության թանգարանում կազմակերպել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թանգարանի արխիվում պահվող բանաստեղծի փաստաթղթերը և գրքերը: