Գլենդելում կբացվի «Այցելիր Երևան-2800» խորագրով լուսանկարչական ցուցահանդես
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում հուլիսի 13-23-ը կանցկացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ:
Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ով ներկայում գտնվում է Գլենդելում, ցուցահանդեսն անցկացվում է «Այցելիր Երևան-2800» խորագրի ներքո, ներկայացված են մայրաքաղաքի թեմատիկ լուսանկարներ:
«Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարում պատկերված է 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Հին ու խորհրդային շրջանի լուսանկարների բնօրինակներն այսօր էլ պահպանվում են Երևանի պատմության թանգարանի հավաքածուներում և արտատպվել են հատուկ այս ցուցահանդեսի համար»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի հուլիսի 13-ին, սակայն արդեն երկու օր է այն բաց է այցելուների համար: Գևորգ Օրբելյանը նշեց, որ ցուցահանդեսի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ինչպես հայ համայնքի, այնպես էլ Լոս Անջելեսում բնակվող այլ ազգերի շրջանում:
«Ցուցահանդեսի այցելուներից բավական դրական արձագանքներ ենք ստանում: Շատերը հետարքրվում են, թե որտեղ է գտնվում Երևանը, ինչ զբոսաշրջային հնարավորություններ ունի: Ակնկալում ենք, որ այս ցուցահանդեսի միջոցով կբարձրանա Երևանի ճանաչելիությունը և հետաքրքրությունը մեր երկրի մայրաքաղաքի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի տուրիզմի զարգացմանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը սպասվում են բազմաթիվ հյուրեր: