Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին գոյություն ունի ավելի քան 200 տարի: Եկեղեցական համայնքը կարևոր դեր է խաղացել այս հրաշալի երկրի պատմության մեջ: Եկեղեցու սպասավորները և համայնքն արդեն ավարտել են շենքի լայնածավալ վերանորոգման ծրագիրը, որը շարունակական է լինելու: Նպատակն է, որպեսզի հայկական եկեղեցին դեռ երկար տարիներ ապահովի իր ներկայությունը Բանգլադեշում:
Դաքքայի հայկական եկեղեցին սկսում է համայնքային մի հետաքրքիր և պատմական եզակի նախագիծ: Այն է՝ հիմնել հայկական համայնք՝ ներառելով հատկապես այն մարդկանց, ովքեր ընտանեկան կապեր ունեն Հնդկաստանի և Բանգլադեշի հետ: Միաժամանակ միավորել Դաքքայի հետ կապ ունեցող բոլոր հայերին: Նրանց, ովքեր կարող են ունենալ անձնական իրեր կամ հուշեր, որոնք կցանկանան ներկայացնել առցանց:
«Միգուցե ձեր ընտանիքը 19-րդ կամ 20-րդ դարերում դերակատարում է ունեցել Բանգլադեշի արդյունաբերության մեջ: Միգուցե ունեք պատմություններ, լուսանկարներ, հետաքրքիր նյութեր, որոնք մեզ կօգնեն համայնքի պատմությունը կառուցելու ընթացքում: Որտե՞ղ է ապրել ձեր ընտանիքը, ինչպիսի՞ հասարակական գործունեություն է ծավալել, ովքե՞ր են եղել նրանց ընկերները, ինչպիսի՞ն է եղել նրանց կյանքը Բանգլադեշում:
Մենք ձգտում ենք վերականգնել պատմությունը, ընտանեկան պատմությունները և Բանգլադեշում հայկական ներկայության դերակատարությունը, սակայն առանց ձեր օգնության մենք չենք կարող դա անել:
Շատ հայտնի ընտանիքներ կան, որոք պատմական կապեր ունեն Դաքքայի և Բանգլադեշի հետ: Ծան՞ոթ են ձեզ արդյոք այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Աղաբեկ, Աղասի, Աղանուր, Արատուն, Ավետ, հայտնի Բեգլար ընտանիքը, Բաղրամ, Բազիլ, Կարապետ, Խաչիկ, Խաչատուր, Չաթեր, Դավիթ, Գասպար, Գրեգորի, Հարնեյներ, Հայրապետ, Յոհաննես, Ջոակիմ, Լոիկաս, Մկրտիչ, Մալխաս, Մանուկ, Միքայել, Մարտիրոս, Մինաս, Նահապետ, Պետրոս, Պողոս, Սարգիս, Սեթ, Շիրքոր, Ստեփանոս, Վրթանես, Զոհրաբ և այլն: Մենք ուրախ կլինենք լսելու յուրաքանչյուրին, ով տեղեկություն կհայտնի մեզ: Մենք նախատեսում ենք պատրաստել մի գիրք, որը կզետեղի ձեր բոլոր հրաշալի պատմություններն ու իրեղեն ապացույցները: Բոլոր աջակիցները կհայտնվեն մեր նոր կայքէջի «Շնորհակալություն» բաժնում:
Այս նախագծի համակարգողը Լիզ Չաթերն է, ով Հնդկաստանում հայկական ընտանիքի պատմության իր հետազոտությունների և աշխատանքային փորձի բոլոր տարրերը կներդնի այս գործում:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրել armenianchurchbangladesh@gmail.com կամ
project@armenianchurchbangladesh.com էլ-փոստի հասցեներին:
Մենք սիրով սպասում ենք Սփյուռքի հետ համագործակցությանը՝ այս եզակի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Դուք կարող եք մեզ գտնել նաև Facebook-ում, Twitter-ում and Instagram-ում»,-ասված է կազմակերչիչների տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ https://chinastan.org/