Ախալցխայի Հոգևոր Տեսչության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ

Հունիսի 20-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությունը՝ նախաձեռնությամբ միության նախագահ, երեցկին Անահիտ Վարդանյանի և օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ․Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, այցելեց Ախալցխայի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան, գրում է Akhaltskha.net-ը։
Ճաշարանը օրեկան մեկ անգամ սնունդ է տրամադրում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։
Տիկնանց միության այցի նպատակն էր մասնակից լինել քաղաքապետարանի աստվածահաճո առաքելությանը և ճաշարանից օգտվողների օրը լցնել քաղցրությամբ։
Նախաձեռնության շրջանակներում տիկնանց միության յուրաքանչյուր անդամ իր նախընտրության համաձայն պատրաստել էր քաղցրավենիքներ, թխվածքներ, գաթաներ, հացաբուլկեղեն և այլն։
Քաղաքապետարանի շենքի մոտ Տիկնանց միությանը դիմավորեցին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, քաղաքապետարանի պատգամավոր, սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը և ճաշարանի տնօրեն Վեռա Բարձիմաձեն։
Կանայք իրենց պատրաստած քաղցրավենիքները հանձնեցին ճաշարանի խոհարարներին, ովքեր և կբաժանեն ճաշարան այցելող յուրաքանչյուր կարիքավոր մարդու։
Բարեգործական ճաշարանի անձնակազմն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությանը, հանձինս երեցկին Անահիտ Վարդանյանի, գեղեցիկ և միևնույն ժամանակ քաղցր նախաձեռնության համար։
Տիկնանց միությունը իր հերթին խոստացավ, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ։