«Ժամանակն է վերադարձնել Տիգրանակերտը»․ ընտրողների ակնկալիքները Կարո Փայլանից

Կարո Փայլանի բաժանորդները սոցիալական կայքերում ասում են, որ առաջիկա ընտրություններում քրդամետ կուսակցության հաղթանակը հնարավորություն կտա Դիարբեքիրին վերադարձնել իր պատմական անվանումը։

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ներկայացուցիչ Կարո Փայլանը հանդիպել է Դիարբեքիրի ընտրողների հետ։

Հիշեցնենք` հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանային ու նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Հայ պատգամավորը Դիարբեքիրից իր թեկնածությունն է ներկայացրել։ Փայլանը հանդիպել է քաղաքի բնակիչների հետ, փոխանցել է  նրանց ազատազրկման մեջ գտնվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի ողջունները։

Instagram-ի իր էջում քաղաքական գործիչը բնակիչների հետ հանդիպումից լուսանկարներ է տեղադրել ու մեկնաբանել է․ «Շարունակում ենք աշխատել ԺԴԿ-ի համար օրեկան 24 ժամ»։

Բաժանոդրներից մեկը Փայլանին գրում է, որ Դիարբեքիրին իր պատմական անվանումը՝ Տիգրանակերտը, վերադարձնելու հնարավորություն է ընձեռվել։ Տիգրան Մեծի օրոք այն Մեծ Հայքի մայրաքաղաքն է եղել։

Ավելի վաղ ԺԴԿ-ի առաջնորդ Դեմիրթաշն ասել էր, որ Դիարբեքիրի բնիկները հայերն են, գրում է Սպուտնիկ-Արմենիան։

Scroll Up