Ստամբուլի «Ոմանք» խումբը համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախումբը հունիսի 8-15-ը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, համերգային շրջագայության նպատակն է Հայաստանում ներկայացնել «Ոմանք»-ի «ԲանԱլիք» նոր ալբոմը։

«Ոմանք» այլընտրանքային երաժշտական խումբը, որը կազմավորվել է Ստամբուլում, մոտ լինելով հայ ավանդական երաժշտությանը՝ իր երգերով փորձում է պատմել իր բնակավայրի ու աշխարհի մասին: Համերգների ընթացքում երաժշտասերներին է մատուցում բավականին բազմազան երգացանկ, որի մեջ մեծ մաս են կազմում տարածաշրջանի տարբեր լեզուներով արտահայտվող ավանդական եղանակները, Սայաթ-Նովայի, Արտո Թունջբոյաջյանի և հայ երաժշտության այլ վարպետների գործերից նմուշներ: Երգացանկը ներառում է նաև Դանիել Վարուժանի և հայ գրականության այլ տիտանների բանաստեղծությունների հիման վրա ստեղծված հորինումներ: Խմբի երգացանկում կան նաև հայերեն և թուրքերեն հեղինակային երգեր: Թե՛ հեղինակային, թե՛ մյուս երգերում «Ոմանք»-ը ձգտում է պատմել ներկան՝ միմյանց կապելով անցյալի պատմությունն ու ապագայի երազանքը:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համերգների ժամանակացույցը.

– հունիս 8-ին, ժամը՝  20.00-ին, Երևանի «Ulikhanyan» ակումբ

– հունիսի 10-ին, ժամը՝  18.00-ին, Գյումրի Հայորդյաց տուն

– հունիսի 12-ին, ժամը՝  19.00-ին, Վանաձորի Մշակույթի պալատ

– հունիսի 14-ին, ժամը՝  21.00-ին, Երևանի «Calumet» ակումբ

– հունիսի 15-ին, ժամը՝  19.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգի:

Scroll Up