Էրզրումում գանձագողերն ուրարտական շրջանի ժայռափոր դամբարան են ավերել. լուսանկարներ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում (պատմական Կարին- tert.am) նահանգում գանձագողերը ավերել են հնագույն ժայռափոր դամբարան, այս մասին տեղեկացնում է թուրքական arkeolojihaber.net կայքը։
Ենթադրվում է, որ դամբարանը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։
Նշվում է, որ ոսկի գտնելու նպատակով տարածքում անօրինական պեղումներ կատարած անձինք նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրել՝ մեծ վնաս հասցնելով դամբարանին։
Էրզրումի պատմության ու մշակույթի ուսումնասիրմամբ զբաղվող Օմար Ֆարուք Քըզըլքայան արձանագրել է, որ գանձագողերի գործողություններն ահռելի վնաս են հասցրել պատմական դամբարանին․ վերջիններս պեղել ու բացել են դամբարանի բոլոր սենյակները ու մուտքի մոտ գործի դրել պայթուցիկներ, որոնց հետքերն ավելի ուշ հայտնաբերվել են իրավապահների կողմից։
Քըզըլքայան նաև նշել է, որ նման պատմական դամբարաններ Էրզրումի տարածքում հաճախ են հանդիպում և պահանջել է համապատասխան մարմիններից ուշադրություն դարձնել դրանց պահպանությանը։