Հունիսմեկյան տոնը Ղազախստանի հայկական համայնքում

Ալմաթիի հայկական համայնքը անհամբերությամբ է սպասում օրացույցի «կարմիր» օրերին, որովհետև դրանք առիթ են՝ հայերով հավաքվելու և միասին նշելու պետական ու ազգային տոները։ Երեխաների պաշտպանության միջազգային օրն էլ բացառություն չէր։ «Մասիս» միության նախաձեռնությամբ հունիսի 1-ին իսկական մանկական տոնահանդես էր կազմակերպվել «Ամուրե» ժամանցային կենտրոնում։ Հրավիրվել էին նաև անիմատորներ, պարուսույցներ և խմբավարներ, ովքեր երեխաների համար կազմակերպվեցին պարի, կարաոկեի, նկարչության վարպետության դասեր, մոդայի (հագուստների) ցուցադրություն և զանազան խաղեր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ղազախստանի հայերի «Մասիս» միության փոխնախագահ Արամ Նավասարդյանը, վերջում հայկական համայնքի ղեկավարները երեխաներին նվիրեցին հայերեն գրքեր, այբբենարաններ, տառադարաններ և հայկական հուշանվերներ: Միջոցառման մասնակիցների համար ելույթ ունեցավ նաև «Արաքս» պարախումբը, որն, ի դեպ, նախօրեին բարեգործական համերգ էր կազմակերպել Ղազախստանի ՊՆ-ի ռադիոէլեկտրոնիկայի և կապի ռազմաինժեներական ինստիտուտի համերգային դահլիճում և զորամասում:
Ի նշան երախտագիտության՝ Ղազախստանի հայերի միության «Մասիս» մշակութային կենտրոնը և «Արաքս» պարախումբը պարգևատրվեցին պատվոգրերով։ Ի դեպ, այս պատվոգիրը այս տարի «Մասիս» միության ստացած թվով ութերորդ պարգևն է։