Արևելյան Բենգալիայի հայ առևտրային արքայազնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/06/1-7.jpg)
«Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազնը» վերնագրով հոդվածը պատմում է Դաքքանի` ժամանակին ծաղկուն հայկական համայնքի ու հայ գործարարի մասին, որը ջուտի (կորքոր, վաճառքի շնորհիվ դարձել է XIX դարի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Բանգլադեշի The Daily Star պարբերականի թղթակից Վակար Ա Հանը, 70–ականների վերջին Հին Դաքքանով զբոսնելիս, Սուրբ Հարություն հայկական եկեղեցու առաջ է հայտնվել։ Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին ու գտնվում է Արմանիտոլա հայկական թաղամասում։
Նրա ուշադրությունը գրավել է քրիստոնեական եկեղեցու բակը, որտեղ կարելի է տեսնել սև ու սպիտակ մարմարից մոտ 350 տապանաքար։
«Խոշոր խաչքարերի վրա նուրբ նախշեր են փորագրած։ Գրություններն արված են ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով։ Սառը տապանաքարերը ողջունում էին ինձ լռության մեջ։ Ես հարցնում էի` ու՞մ հմուտ ձեռքերն են ստեղծել այս զարմանալի եզակի աշխատանքը քարի վրա։ Մտածում էի XIX դարի Դաքքանի երբեմնի բարեկեցիկ հայկական համայնքի ու դրա աստիճանաբար անհետացման մասին», – գրում է հրապարակման հեղինակը։
Նա նշում է, որ 1970 թվականին Դաքքանում միայն մի քանի հայ էր մնացել, սակայն հիմա նրանք այլևս չկան։ Լրագրողը խոստովանում է, որ իրեն միշտ ապշեցրել է` ինչպես է երբեմնի հարուստ, ազդեցիկ, կենսառատ համայնքը պարզապես չքացել ժամանակի մշուշում` շատ կարճ պատմություն թողնելով։
«Զարմանալի է նաև, ինչու ոչ մի հայ կամ տեղացի պատմաբան 150 տարվա ընթացքում չի բարեհաճել հաջորդ սերնդի համար նկարագրել համայնքի հարուստ պատմությունը։ Հետևաբար, ունեցած բավականին մակերեսային տեղեկությանը ոչինչ չի ավելացվել։ Հենց այդ պատճառով որոշեցի գտնել արտերկրում Բանգլադեշի հայերի հետնորդներին ու փորձել պարզել նրանց կապերը Դաքքանի հետ, այսպիսով որևէ նոր բան ավելացնել երբեմնի ծաղկուն համայնքի պատմությանը», – գրում է Վակարը։
Նա համառոտ ներկայացնում է իր ընկերոջ` Լյուկ Դևիդի ընտանիքի պատմությունն անգլիական Բրիոստոլից։ Լյուկը հորական կողմից Դևիդ ազգանունով հին հայկական տոհմից է, որի անդամները XIX դարում Դաքքանում էին ապրում։
«Լյուկի նախանախապապը` Մարգար Դևիդը (1833-1893), Իրանում` Բուշեհրում, ծնված հայ էր։ Այն ժամանակին խոշորագույն նավահանգստային քաղաք էր։ Իսկ երբ նավահանգիստը սկսում է կորցնել իր նշանակությունը, Մարգարը 21 տարեկանում տեղափոխվում է Կալկաթա, որը կարևոր առևտրի կենտրոն էր, ու որտեղ վաճառականների հայկական ծաղկուն համայնք կար», – պատմում է հեղինակը։
Նրա խոսքով` Կալկաթայում երիտասարդ հայը սկսում է զբաղվել բրինձի, լոբազգիների, համեմունքների և այլ բաների վաճառքով։
«Սակայն նա իսկական երազկոտ էր, որն ուներ մեծ հավակնություններ ու գործնական ջիղ։ Մարգարն ուշադիր հետևում էր Կալկաթայում ջուտի (բնական տեքստիլային մազաթել–խմբ.) ծաղկող առևտրին, որում հայեր էին ներգրաված։ Միաժամանակ ջուտի արդյունաբերական կենտրոնը Հարավային Բենգալիան էր (Բանգլադեշ)։ Այդ գործում Դաքքանի հարուստ հայերը ոչ միայն առաջինն էին, այլև մենաշնորհային դիրքեր ունեին», – նշում է Վակարը։
Նա ասում էր, որ շուտով Մարգարն ընտանիքով Դաքքան է տեղափոխվում ու սկսում է ջուտի բիզնեսով զբաղվել։ Նա անում է ամեն բան Արևելյան Բենգալիայում ամենահաջողած վաճառականը դառնալու համար։ Արդյունքում` նրան սկսում են անվանել «Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազն»։
Նրա Մ. Դևիդ և Կո ընկերությունը` Նարայանգանջում ջուտով զբաղվող հայկական այլ հաջողակ ընկերությունների հետ միասին, գերազանցեց բոլոր ակնկալիքները։ Մեկ տասնամյակում նա հեքիաթային հաստություն ձեռք բերեց ու սկսեց ջուտային ապրանք մատակարարել անմիջապես Անգլիա` խուսափելով Կալկաթայի նավահանգիստից։ Այսպիսով, գործարարը նվազեցրեց բեռնելու արժեքը, ինչը նպաստեց եկամտի ավելացմանը։
«Կարելի է վստահ ասել, որ Բանգլադեշում նա ապրում էր Արմանիտոլայում` հին Դաքքանի հայկական թաղամասում, որը մինչ այժմ էլ այդ անուն է կրում», – նշում է հրապարակման հեղինակը։
Մարգարն ամուսնացել էր Էլիզաբեթ Մանուկի հետ, որը Դաքքանի հայտնի զիմանդարների (ավատատեր, հողատեր) հին հայկական ընտանիքից էր սերում։ Մանուկի ընտանիքն ու ևս չորս հայկական տոհմերն անվանի զիմանդար, գործարար ու բարեգործ էին։ Զույգը ինը երեխա է ունեցել, նրանցից երեքը մանուկ հասակում մահացել են։
«Ինքը` Էլիզաբեթը, ցավոք, մահացել է խոլերայից, 29 տարեկանում` 1878 թվականին։ Նրա հիանալի մարմարե դամբարանը քրիստոնեական հուղարկավորման գեղեցիկ նմուշ է։ Այն հրաշքով պահպանվել է մինչ օրս», – գրում է Վակարը։
Հոդվածագիրն իր նյութն ամփոփում է, ասելով, որ կնոջ մահից մեկ տարի անց Մարգարը երեխաների հետ ընդմիշտ հեռանում է ու հիմնվում է Լոնդոնում, որպեսզի պաշտպանի նրանց արևադարձային հիվանդություններից, որոնք այդ ժամանակ մահացու էին։
Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա