Հունիսի մեկը Օդեսայի հայ համայնքում

Բազմաբնույթ է օդեսահայ համայնքի առօրյան, ուր ուշագրավ ձեռնարկումները հերթափոխում են իրարու։ Դրա հավաստիքը եղան հունիսմեկյան տոնական միջոցառումները։
Կամա թե ակամա՝ գեղեցիկ ավանդույթ է դարձել այն իրողությունը, որ Օդեսայի «Արևիկ» կիրակնօրյա մանկապարտեզի ամենամյա ավարտական հանդեսը նվիրվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։
Դահլիճը զարդարված էր ծաղիկներով, փուչիկներով ու ցուցանակներով։ Միջոցառումը մեկնարկեց նախակրթարանի տնօրեն Մարինե Աղաջանյանի սրտառուչ խոսքերով. «Որքան էլ աշխատում ենք նման բալիկների հետ, չենք հոգնում, կարծես, մենք էլ մանուկ ենք դառնում»: Նա շնորհավորեց երեխաներին և ծնողներին, մաղթեց աշխարհի բոլոր մանուկներին՝ ուրախ և անհոգ մանկություն, որ մեծանան ժպտուն ու երջանիկ:
Այնուհետև արևիկցիներն իրենց երգ ու պարով, տաղիկներով ու խաղիկներով ներկայացրին մանուկների՝ զարմանքներով ու հրաշքներով լի աշխարհի մաքրությունը, պարզությունն ու բարությունը.
Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ…
Ծաղիկներ կան անթառամ, թռչուններ կան հազարան,
Արևը մայր չի մտնում մանուկների աշխարհում:
Նրանց ելույթն իրենց մանկական ջինջ հոգու արտացոլանքն էր, իսկ վարժ ու սահուն հայերենը՝ դաստիարակչուհիների ու ծնողների միահամուռ աշխատանքի արգասիքը:
Հնչեցին հայրենասիրական երգեր ու ոտանավորներ։ Դրոշի ծփանքի ներքո արևիկցիները «Քոչարի»-պարեցին և երգեցին.
– Իմ արյունը եռագույն է,
Հայրենիքս եռասյուն է…
Հավքերի պես թռան, անցան օրերը։ Այսօր սանիկներից երեքը հրաժեշտ են տալիս մանկապարտեզին ու փոխադրվում դպրոց։ Նրանց ողջույնի ջերմ ու հուզաշաղախ խոսքերով ընդունեց կիրակնօրյա կրթօախի տնօրեն Էլեն Պողոսյանը. «Նախակրթարանը այն օջախն է սփյուքում, որը սկիզբ է դնում երեխաների հայեցի դաստիարակմանը մանուկ հասակից, հայոց լեզվի պահպանմանը: Հայապահպանության պայքարի առաջին շեմը դուք հաղթահարեցիք… Շնորհակալություն նախակրթարանի ողջ աշխատակազմին։ Սիրելի՛ երեխաներ, բարի´ գալուստ Մեսրոպ Մաշտոցի անվան կրթօջախ»։
Մանկապարտեզին հրաժեշտ տվող սանիկներն ստացան հուշալբոմներ ու շապիկներ, որոնց վրա տպագրված էր՝ «ԵՍ ՀԱՅ ԵՄ»։
Տոնահանդեսի ավարտին արևիկցիները սիրելի տնօրեն Մարինե Աղաջանյանին, դաստիարակչուհիներ Կարինե Մինասյանին ու Մարո Մկրտչյանին, երգուսույց Սիրանուշ Մինասյանին, պարուսույց Ազգանուշ Վարդանյանին և դայակ Նինա Ավանեսովային քնքուշ վարդերի բուրմունքով շաղախված ոտանավորների մի գեղեցիկ փունջ նվիրեցին, որը հյուսել էր գրադարանավարուհի և բանաստեղծուհի Լիզա Մոսինյանը։ Իրենց սերն ու գոհունակությունը հայտնեցին նաև մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանին, ում ջանքերով կայացել է մանկապարտեզը։
Իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի կրտսեր սաները, հունիսմեկյան տոնական այդ օրը, ուսուցչուհի Հռիփսիմե Մելքոնյանի ղեկավարությամբ մասնակից եղան մեկ այլ գեղեցիկ ու խորհրդանշական ձեռնարկումի, որի հեղինակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանն էր։ Ինչպես Տեր Հայրն ասաց, այն մի փոքրիկ նախապատմություն ունի. «Բոլորս գիտենք՝ սուրբ տաճարի բակում շարունակվում են բարենորոգման ու բարեկարգման աշխատանքները, և մենք նպատակ ունենք դրախտային այգի ստեղծել, Սուրբ Գրքում հիշատակվող այգու նմանակությամբ, ուր հազարան հավքեր են ճռվողում, ուր … Հիշենք, որ այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Երբ վերանորոգում էինք եկեղեցու գմբեթը, բազմաթիվ թռչնաբներ կային։ Միտք ծագեց, որ թռչունները չմնան «անտուն», բնակվեն և շարունակեն երգել մեր այգում։ Ճիշտ որոշում էր՝ կատարել այն դպրոցականների ձեռքերով։ Այդ նպատակով պատրաստվեցին 12 թռչնաբներ, որոնք հիմա ներկում են նրանք։ Ընտրվել են երկու պետությունների դրոշների գույները, որ երեխաները չզգան իրենց հանց տարագիր կռունկներ, այլ սեփական «բույն» ունեցող երջանիկ հայ մանուկներ, ովքեր կարող են ապրել, սովորել ու հնարավորության դեպքում՝ հայրենադարձվել։ Նրանք պիտի ըմբռնեն՝ ուկրաինական հողի վրա մեր փոքրիկ Հայաստանն ունենք և քանի Ուկրաինայում ենք գտնվում՝ պիտի այլ ազգերի հետ ընկեր ու բարեկամ լինենք»։
Քահանայի այս գողտրիկ պատմությանը միայն կարող եմ հավելել՝ պետք էր ականատես լինել, թե որքա՜ն ուրախություն կար երեխաների աչքերում, անհնար է նկարագրել՝ ի՜նչ ոգևորություն էին ապրում, երբ ներկում էին թռչնակների բները։
Թո՛ղ առողջ ու երջանիկ լինեն հայ մանուկները, համայն աշխարհի մանուկները։ Թո՛ղ նրանց ամեն մի օրը տոն լինի։
Նարինե Մուրադյան, ք. Օդեսա
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»