Նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, ներքին ու արտաքին քաղաքականությանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունի, խոսելով Հայաստանի զարգացման հնարավորությունների մասին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի: Նա մասնավորապես հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության բնագավառները, բանակային համակարգն ու ծառայությունների ոլորտը: Զարգացման լուրջ հնարավորություններ ունի նաև կրթական համակարգը: Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել: «Իսկ մեր մեծ հարստությունը մի բան է, որը երբեք չի վերջանա, որովհետեւ հազարավոր տարիներ չի վերջացել. դա ձեր հայ լինելն է, ձեր գենետիկան է: Դուք բոլորդ խելացի եք: Ուղղակի պետք է լինեք աշխատասեր, ազնիվ, նվիրված և հպարտ նրանով, ինչ որ եք»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին նախագահը Մանուկյան-Դեմիրճյան դպրոցին է նվիրել Սամվել Գասպարյանի «Հայաստանի հրաշալիքներ» գիրքը:

Scroll Up