Հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում

Մայիսի 25-31-ը Ավստրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպել էր հիմնադրամի կողմից մրցույթով ընտրված Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների սաների համերգաշար Ավստրիայում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունի, առաջին համերգը տեղի ունեցավ մայիսի 26-ին Զալցբուրգի Pfarramt Lehen եկեղեցու հանդիսությունների դահլիճում: Զալցբուրգի հայ համայնքի ջանքերով կազմակերպած համերգին ներկա էր մեծ թվով ավստրիացի հանդիսատես:

Մայիսի 27-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում Հայաստանից ժամանած պատանի կատարողները մասնակցեցին դեսպանության կազմակերպած վարպետության բաց դասերի ավստրիաբնակ մեծանուն հայ երաժիշտներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ երգչուհի Հասմիկ Պապյանի, միջազգային մրցանակների դափնեկիրներ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և ջութակահար Էմանուիլ Ճգնավորյանի մատուցմամբ:

Մայիսի 28-ին պատանի հայ երաժիշտները Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ Մխիթարյան միաբանությունում կազմակերպած հանդիսավոր միջոցառմանըկատարեցին հայ կոմպոզիտորների գլուխգործոցները:

Մայիսի 30-ին Վիեննայի կենտրոնի Էշենբախ պալատի Հաուզ դեռ Ինժենյոր հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հայ տաղանդաշատ պատանիների եզրափակիչ համերգը: Դրան մասնակցեցին հայ և ավստրիացի հանդիսատեսներ, զանազան երաժշտական կրթական կենտրոնների ղեկավարներ, վիեննաբնակ երաժիշտներ: Ներկա էին նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն ու Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոյիս Կրաուտը: Կատարվեցին հայ ժողովրդական երաժշտության մշակումներ, հայ, ռուս և եվրոպացի դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների գործեր:

Scroll Up