Բարձրարվեստ  երաժշտության  համերգ Օդեսայում՝ նվիրված Հանրապետության տոնին

Մայիսի 28 -ը՝ Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի և   Հայաստանի Առաջին Հանրապետության  օրը, համայն հայության նվիրական տոներից է,  քանզի հայն իր կյանքի, արյան ու մաքառումների գնով է ապահովել Հայոց պետականության կայացումը։ Լրացավ  այս կարևորագույն իրադարձությունների

100-ամյակը։ Մեկդարյա հոբելյանը Մայր հայրենիքում և Սփյուռքում, հընթացս հոբելյանական տարվա, նշվում է մեծ հանդիսավորությամբ,  տոնախմբություններով ու բազմաբնույթ  միջոցառումներով, որից անմասն չի մնում նաև օդեսահայությունը։

Մայիսյան՝ արևաշող այդ օրը հայ համայնքի  մշակույթի տան մեծ ու լուսավոր սրահն ընկղմվել էր բարձրարվեստ երաժշտության հնչյունների ծովում։ Կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ և բազմակողմանի օժանդակությամբ, համայնքի շողշողուն աստղեր՝  օպերային երգիչներ Գայանե Հարությունյան ու Վասիլի Դոբրովոլսկի ամուսնական զույգը, սիրված երգչուհի և երգուսույց Սիրանուշ Մինասյանը,  հաղորդավարուհի ու պարուսույց Ազգանուշ Վարդանյանը  տոնական  հիասքանչ  համերգային ծրագիր էին պատրաստել, որում ընդգրկել էին նաև «Արևիկ» նախակրթարանի սաներին։ Համերգը, որի ընթացքում մեծ հաճույքով ունկնդրվեցին հայ երաժշտության հանճարներ Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի բազմաժանր, անմահ ստեղծագործությունները, կայացավ՝ նվագակցությամբ սիմֆոնիկ համույթի, որը ղեկավարում էր  Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Վիտալի Կովալչուկը և մասնակցությամբ երգչախմբի, որը ստեղծել և խմբավարում են շնորհալի ամուսինները։

Ներկա էին համայնքի ղեկավարությունը, հոգևոր դասի և քաղաքային  հեռուստաընկերություների ներկայացուցիչներ, թղթակիցներ և բազմաթիվ օդեսահայեր։ Ունեինք հեռուներից ժամանած հյուրեր.  եռօրյա այցով Օդեսայում էին գտնվում Ուկրաինայի հայ տիկնանց կոմիտեի  և մանկավարժական խորհրդի անդամները։    Նախատոնական օրերին նրանք մասնակցեցին համապատասխան ոլորտների համաուկրաինական համաժողովներին, որոնք կայացան տոնակատարության շրջանակներում  և,  հուրախություն բոլորիս, սուրբ տաճարում՝ միասնական աղոթքով, մշակույթի տանը՝ թեմատիկ զեկույցներով, ասմունքով, երգ ու տաղով և տոնական հյուրասիրությամբ՝ միասին դիմավորեցինք բաղձալի տոնը, որին ներբողված էր այս հիասքանչ համերգը։

Տերունական աղոթքից հետո դահլիճը հոտնկայս՝ հանդիսավորությամբ ունկնդրեց  ՀՀ  օրհներգը երգչախմբի կատարմամբ՝ հանց հայոց պետականության ու հայ ազգի ոգեշնչման, համախմբման և Ուկրաինայի հիմնը՝ հանց բազմազգ երկրի ժողովուրդների՝ հաշտության, սիրո և բարեկամության խորհրդանիշ։

Տոնի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկավ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը և անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց.  «1918թվականի մայիսի  28-ը հայոց ազգի բազմադարյա տարեգրության փայլուն էջերից է, քանզի Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը՝  վերականգնվեց մեր երկրի անկախությունը։ Շնորհավո´ր պանծալի հոբելյանները… Մենք խոնարհվում ենք հանուն հայոց պետականության հաստատման նահատակված բոլոր ժամանակների հերոսների հիշատակին և հավաստում, որ նրանց սխրանքը երբե՛ք չի մոռացվի: Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը՝ այս դժվարին հաղթանակների կենդանի հիշողությունը նոր սերունդներին փոխանցելու պատգամ է նաև, որի հավաստիքը Սարդարապատի հուշահամալիրն է»:

               Ասես մարդկային արցունքները ջինջ

               Խտացել այստեղ, դարձել են պղինձ,

               Խտացել այստեղ, փոխվել են երգի՝

                ժամանակի մեջ ու տիեզերքի

 Եվ հնչեցին « Դիմակահանդես»-ի թովիչ ռիթմերն ու  շողշողաց խաչատրյանական սուսերի փայլը։

Հուզմունքի ու հիացմունքի  հրաշալի պահեր պարգևեցին հանդիսատեսին մեր համայնքի սոխակների՝ Գայանեի ու Սիրանուշի հոգեզմայլ ձայների հնչյունները։ Սրահի լուսագեղ կամարների ներքո ճախրեց  «Ծիծեռնակ»-ը  և դայլայլեց «Առաջին սիրո երգը»։ Դահլիճը պարուրվեց նաև Արտեմի Այվազյանի «Աղջկա երգի» դյութիչ մեղեդիներով ու «Քելե, լաո՛»-յի կարոտագին ելևէջներով։  Երգչախումբը հրաշալի կատարեց «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական ստեղծագործությունը. այն ուղեկցվեց «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարով», որի ավարտին վեհ ծածանվեց՝

                  Համանվագ մի եռագույն՝

                 Կարմիր, կապույտ, նարնջագույն,

                  Աշխարհասփյուռ  հայոց  որդոց

                 Տուն կանչող երգ ու սրբություն։

Հետաքրքիր էր՝  բազմազգ համույթը  հայերեն ճիշտ հնչողությամբ էր երգում և՝ այնքան հոգեհարազատ, որ, եթե աչքերդ մի պահ փակեիր ու  ըմբոշխնեիր այն, պարզապես կմոռանայիր, որ կատարողները հայեր չեն։( Այդ ամենը Գայանեի տքնաջան աշխատանքի ու ջանքերի շնորհիվ)։ Դրա վկայությունն էր նաև մեր վարդակերտ մայրաքաղաքի՝ Երևանի օրհներգը, որին ձայնակցեց դահլիճը։

Վասիլին վարպետորեն կատարեց սիրված կոմպոզիտորի «Ноктюрн»,  «Верни мне музыку» և «За всё тебя благодарю» լիրիկական ստեղծագործությունները։ Կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանող Ռաֆիկ Սարգսյանի կատարմամաբ հնչեց «Բարի արագիլ»-ը՝ որպես ավետաբեր գարնան, բարու ու գեղեցիկի խորհրդանիշ։

Խանդավառությամբ  ընդունվեց «Գետաշեն» երգը, մանավանդ, որ ձայնակցում ու ռիթմերի ներքո պարում էին արևիկցիները։

Տոնական համերգը հոգեկան մեծ բավականություն ու գեղագիտական անսահման հաճույք պարգևեց հանդիսատեսին։  Իր գոհունակությունը նա հայտնեց հոտնկայս՝ բուռն ծափահարռւթյուններով ու սրտագին բացականչություններով:

Մեծագույն հաղթանակների տոնակատարությունն ավարտվեց մեր նաիրյան, հնադարյան, ավանդական «Քոչարի»-ով։ Միանալով համահայկական ֆլեշմոբին՝ եկեղեցու բակում  հայուհիներս շուրջպար բռնեցինք.

              Ձեռքը իմն է, ձեռքը քոնն է, պարը՝ մեր,

              Հոգսը իմն է, հոգսը քոնն է, հույսը՝ մեր

          Պարի՛ր երկի՛ր, պարի՛ր երկի՛նք, պարի՛ր հո՛ղ։

Պարում էինք թեթև ու շռնդալից , ասես, «հաղթանակի սալյուտ տալիս»՝ վերստին հավաստելով, որ՝

                    Պար  չէ սա, այլ՝ մի երկրի

                      Քաջ  պատմություն,

                      Ուր պարտությունն անգամ

                     Ունի հպարտությու´ն,

                      Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

                      Որ այս ջանքով ու այս կամքով

                      Պարե´լ  գիտի

Նարինե   Մուրադյան, ք. Օդեսա

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up